ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը մտադիր է շարունակել իր գործունեությունը Հայաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում: Այդ մասին հայտարարել է Ժողովրդավարական ինստիտուտների եւ մարդու իրավունքների պաշտպանման գրասենյակի դիտորդների առաքելության ղեկավար Պիտեր Այկերը` Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Արտակ Սահրադյանի հետ հանդիպման ժամանակ: Ինչպես հաղորդել են «Առկա» գործակալությանը ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայությունում, Ա. Սահրադյանը տեղեկացրել է դիտորդներին, որ դիտորդական առաքելության ժամկետը երկարացվել է մինչեւ մարտի 15-ը: Կողմերը շոշափել են նաեւ առաջին փուլից հետո հանրապետությունում տիրող իրավիճակը: Պ. Այկերը տեղեկացրել է, որ հանդիպել է նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանի հետ եւ մտահոգություն հայտնել հանրահավաքներում հնչող հակասահմանադրական կոչերի մասին: ԵԱՀԿ դիտորների ղեկավարի խոսքերով` «ժողովրդավարական երկրում բռնությունը եւ սպառնալիքները տեղ չպետք է ունենան»: Հիշեցնենք, որ ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը կազմված է 16 երկրների 26 երկարաժամկետ եւ 250 կարճաժամկետ դիտորդներից: