Հայաստանի թիմը վերադարձել է Թբիլիսիում տեղի ունեցած 5-րդ ամենամյա GITI 2012 ինֆորմացիոն տեխնոլոգիաների տարածաշրջանային միջոցառումից : Հայաստանի ներկայացուցիչներն իրենց հետ բերել են 7 մրցանակ: Մասնավոր հատվածը ներկայացնող ընկերությունները ստացել են բոլոր մրցանակաների 83.3 տոկոսը, իսկ պետական հատվածի ներկայացուցիչները՝ 28.6 տոկոսը. «Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի 21 կազմակերպությունների, պետական մարմինների և երիտասարադական նախաձեռնությունների մոտ 50 ներկայացուցչից բաղկացած հայկական պատվիրակության մասնակցության նպատակը Հայաստանի ՏՀՏ ոլորտի առաջխաղացմանը նպաստելն է՝ որպես հուսալի և արդյունավետ միջավայր ներդրողների համար «Made in Armenia» բրենդի առաջխաղացումն ապահովելը, նոր գործընկերներ ձեռք բերելը»,-ասաց հայկական պատվիրակության ղեկավար, ԻՏՁՄ փոխտնօրեն Վահան Հովսեփյանը:
Նրա խոսքով՝ հայկական տաղավարը ուշադրության կենտրոնում էր, զբաղեցրել է հատկացված ամբողջ տարածքի 20 տոկոսը: 300 մասնակիցների թվում եղել են նաև Թուրքիայի բավական ուժեղ մասնակիցներ, իսկ Ադրբեջանից ներկայացուցիչներ չեն եղել.«Ադրբեջանը, տեսնելով, որ հայերը շատ են գալիս այս միջոցառմանն ու առաջատարներն են, ներկայացուցիչներ չի ուղարևկում, երևի վախենում են»,-ասաց Վահան Հովսեփյանը:
Հայաստանի մասնավոր հատվածը ներկայացնող « X-Tech» ընկերությունը աննախադեպ 2 մրցանակ է ստացել. «Արդեն երկրորդ անգամ ենք մասնակցում այս միջոցառմանը, գործընկերային շատ հնարավորություններ ենք ձեռք բերել նաև կարողացել ենք մեր ծառայությունները ներկայացնել վրացական շուկայում»,-ասաց ընկերության տնօրեն Արման Աթոյանը:
Նրանց ծրագիրը` CityBugs-ը, հիմնականում քաղաքապետարանների նաև այլ պետական կառույցների համար է նախատեսված: Քաղաքացիներին հնարավորություն է տալիս քարտեզի վրա նշել տեղանքը, լուսանկարներ և տեսագրություններ ավելացնել՝ խնդիր ներկայացնելու կամ առաջարկներ անելու համար:






