AM
26 Նոյեմբեր 2012 - 09:37 AMT

Հայաստանի կապիտալի շուկայի մասին ավելի շատ կիմանան Globenewswire տեղեկատվական համակարգի շնորհիվ

Նոյեմբերի 26-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայում ներկայացվել է Հայաստանում ներդրվող Globenewswire միջազգային տեղեկատվական համակարգը: Համակարգի նպատակն է ընդլայնել հայկական կապիտալի շուկայի մասին տեղեկատվության տարածումն արտասահմանում:

Ինչպես նշել է ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանը, համակարգի գործարկումը մեծ նշանակություն ունի ինչպես Հայաստանի կապիտալի շուկայի, այնպես էլ երկրի ողջ տնտեսության համար: Նրա խոսքով, Globenewswire համակարգից օգտվում են OMX բորսային օպերատորի բոլոր անդամները, ինչը «տեղեկատվական դռներ է բացում հայ էմիտենտների` ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի անդամների համար»:

Համակարգը տեղեկատվություն տարածելու գործիք է մի շարք խմբերի համար, տվյալ դեպքում ֆինանսական կազմակերպությունների, որտեղ ներկայացված է պրոֆեսիոնալ տեղեկատվություն կապիտալի համաշխարհային շուկայի մասին:

Սարոյանը նշել է, որ Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման արգելքներից մեկը պատշաճ PR-ի բացակայությունն է, քանի որ ներդրողները, որոնք լսել են երկրում կենսաթոշակային բարեփոխումներ ներմուծելու և կենսաթոշակային հիմնադրամներ ստեղծելու մասին, շահագրգռված են ներդրումներ կատարելու մեջ: