Հայաստանը քննարկում է նոր էներգաբլոկի շինարարության մի քանի սխեմաներ, հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը «Ինտերֆաքսին» տված հարցազրույում: «Մենք ունենք օպերատոր, որն արդեն երկու տարի մշակում է բիզնես մոդել և կատարում ԱԷԿ-ի նոր բլոկի աշխատանքի արդյունավետության հաշվարկներ: Օպերատորի աշխատանքի առումով առկա է նաև ներդրողների մասին հարցը` որքան բաժին են ունենալու ներդրողները, որքան ներդրումներ են կատարելու և այլն»,- ասել է նա:
Այդ համատեքստում վարչապետը հիշեցրել է, որ Հայաստանը և Ռուսաստանը նախապես պայմանավորվել են ստեղծել համատեղ ձեռնարկություններ 50/50 հարաբերակցությամբ: «Դա նշանակում է, որ 50 տոկոսը ֆինանսավորվում է Ռուսաստանի կողմից, 50 տոկոսը` մեր: Չի բացառվում, որ մենք կարող ենք նաև վերանայել մեր մասնակցության տոկոսը և մասնավոր ներդրողներ ներագրավել ԱԷԿ շինարարության մեջ: Ամեն դեպքում, մեր ռուս գործընկերները պատարստ են քննարկել նաև այդ մոդելը, որովհետև մենք հետաքրքիր առաջարկներ ենք ունեցել խոշոր ներդրողների կողմից, որոնք որոնում են իրենց կապիտալի ներդրման ոլորտներ: Այնպես որ, այդ տարբերակը մենք չենք բացառում: Չենք բացառում նաև հենց այս նախագծի համար վարկային միջոցներ ներգրավելու հնարավորությունը»,- ասել է վարչապետը:
Տիգրան Սարգսյանը հավելել է, որ ծրագրին համապատասխան, շինարարությունը պետք է սկսվեր 2014-ին, բայց, ցավոք սրտի, Ֆուկուսիմա ԱԷԿ-ում տեղի ունեցած վթարից հետո Ճապոնիայում իրադարձությունները Հայաստանից խլեցին լրացուցիչ շատ ժամանակ: Նրա խոսքով, համաշխարհային հանրությունը սկսեց լրացուցիչ վերանայել իր վերաբերմունքն ատոմակայանների նկատմամբ, խստացրեց անվտանգության կանոնները: «Դրա հետ կապված մենք նախաձեռնել ենք, առաջին հերթին, գործող կայանի լրացուցիչ միջազգային ստուգում, երկրորդ, խստացրել ենք պահանջները նոր բլոկերի նկատմամբ, որպեսզի 100 տոկոսով վստահ լինենք , որ նոր բլոկը համապատասխանում է անվտանգության արդի չափանիշներին»,- ասել է նա:
Անդրադառնալով նոր էներգաբլոկի ֆինանսավորմանը` Հայաստանի վարչապետը նաև հավելել է, որ հետաքրքրություն են հանդես բերել ներդրողներ Ամերիկայից, Ճապոնիայից և Մերձավոր Արևելքից: Ավելին, նրա խոսքով, Հայաստանը դիտարկում է Ռուսաստանից և Եվրասիական հակաճգնաժամային հիմնադրամից պետական վարկ ստանալու հնարավորությունը, իսկ հիմնական գործընկերը և ներդրողը շարունակում է մնալ «Ռոսատոմը»:






