Իրավիճակը Վերին Լարսում կկայունանա: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է բեռնափոխադրող ընկերություններից մեկի տնօրենը, հայկական բեռներով 4 մեքենաները հաջողությամբ հատել են Վերին Լարսի անցակետը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վերին Լարսում առաջացել է բեռնատար մեքենաների կուտակում: Մարդիկ արդեն մի քանի օր է կանգնած էին խցանման մեջ առանց սննդի և ջրի: Սահմանապահները բացատրում են, որ նման իրավիճակ ստեղծվել է անցակետի աշխատանքի ձմեռային ռեժիմի անցնելու պատճառով: Բանն այն է, որ ամառային ժամանակ մեքենաներն անցել են մինչև ժամը 22:00, իսկ հիմա միայն մինչև 19:00, ուստի հերթ է գոյացել: Ամեն դեպքում մարդիկ պահանջում են բացատրել, թե դեռ որքան պետք է սպասեն, հաղորդում է «Ռեյլվնեշտրանսը»:
Մեքենաները շատ են հատկապես Ուկրաինայից, Հայաստանից, Ադրբեջանից: Շուրջ հարյուր մեքենաներ փորձում են հատել Ռուսաստանի և Վրաստանի սահմանը: Խցանումն անցակետից հասնում է մինչև Ստորին Լարս գյուղ:
Վարորդները բողոքում են, որ սահմանի մոտ չկան պայմաններ: Դա հաստատում են ճանապարհի եզրին գոյացած աղբակույտերը:
Սահմանապահ վարչության աշխատողներից անձնագրերը ստուգելու համար պահանջվում են հաշված րոպեներ: Բեռնատար տրանսպորտի ուշացումը կապված է, առաջին հերթին, հենց անցակետի աշխատանքի հետ:
Մաքսակետի աշխատողները բացատրում են, որ խցանման պատճառը ձմեռային ժամանակին անցում կատարելն է: Այժմ սահմանը կարելի է հատել միայն ժամը 7-18-ը:






