Երեկ «Հայկական ժամանակ»–ին հայտնի է դարձել, որ Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերնը այս շաբաթվա վերջին մեկնում է իր հայրենի երկիր։ «Ընդ որում՝ մեկնում է զգալիորեն երկար ժամանակով, նա Հայաստան կվերադառնա 2013-ի հունվարի առաջին տասնօրյակում, հավանաբար՝ հենց հունվարի 10-ին։ Իհարկե, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանները միշտ էլ այդ շրջանում մեկնել են՝ իրենց երկրում դիմավորելու Ծննդյան տոները։ Այս տարի, սակայն, իրավիճակը բոլորովին այլ է. Հայաստանում երկուսուկես ամսից նախագահական ընտրություններ են, և այդ շրջանը պետք է որ հետաքրքրեր այդ երկրին։ Առավել ևս, որ Հայաստանում ընթանում են քաղաքական, այսպես կոչված, խմորումներ քաղաքական կոնսուլտացիաների անվան տակ, և ԱԱՆ-ի դեսպանը պետք է որ բաց չթողներ դրանց մոտիկից հետևելու, իր ղեկավարությանն առաջին ձեռքից ինֆորմացիա փոխանցելու հնարավորությունը։ Այն, որ դեսպանն, այնուամենայնիվ, մեկնում է, երկու բան կարող է նշանակել, կամ՝ զեկուցելու ենթակա բան Հայաստանում չի կատարվում, կամ՝ ինչ-որ պետք է զեկուցեր, արդեն զեկուցել է, և վստահ է, որ առաջիկա մեկուկես ամսվա ընթացքում ոչինչ չի փոխվելու։ Ավելի հավանական է երկրորդ տարբերակը»,–գրում է թերթը։






