«Կարծում եմ` Սերժ Սարգսյանն է ակնհայտ ֆավորիտը, որովհետև, մյուս մեծ տղաները չեն մասնակցում, ինչո՞ւ նրանք չկան»,- «168 ժամ»-ի թղթակցին տված հարցազրույցում` անդրադառնալով ՀՀ առաջիկա նախագահական ընտրություններին, նման տեսակետ է հայտնել Օքսֆորդի համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների բաժնի պրոֆեսոր Նեյլ Մաքֆարլեյնը:
Խոսելով ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից նախագահական ընտրություններում առաջադրվելու հավանականության մասին, Մաքֆարլեյնն ասել է. «Տեր-Պետրոսյանը չի ասել, որ մասնակցում է: Որքան գիտեմ, նա ասել է, որ սպասում է, թե ինչ կասի Ծառուկյանը: Եթե վերջինս դնի իր թեկնածությունը, ապա ինքը չի առաջադրվի: Հարցն այն է, թե արդյոք Ծառուկյանն ուզո՞ւմ է դնել իր թեկնածությունը»:
Ազգությամբ կանադացի քաղաքագետն անդրադարձել է նաև հայ-ռուսական հարաբերություններին` նշելով, որ Հայաստանը` Ռուսաստանի հետ ռազմավարական սերտ հարաբերությունների համատեքստում` Սերժ Սարգսյանը նաև լավ հարաբերություններ ունի ռուսների հետ: Իսկ Արևմուտքում, ըստ նրա, քչերն են հետաքրքրված հայաստանյան ընտրություններով: Հարցին` այսինքն Կրեմլը կպաշտպանի՞ նախագահ Սարգսյանի թեկնածությունը, Ն.Մաքֆարլեյնը պատասխանել է. «Հայաստանը կարևոր է Ռուսաստանի տարածաշրջանային քաղաքականության մեջ: Նրանք այս առումով ոչ մի խնդիր չունեն Սարգսյանի հետ, ուրեմն ինչո՞ւ նրանք պետք է փոխեն իրենց միտքը: Ինչո՞ւ պետք է անցնեն ընդդիմության կողմը»:






