AM
22 February 2003 - 14:40 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԻ ԱՆՑԿԱՑՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը /ԿԸՀ/ իր նիստի ընթացքում հաստատել է ընտրական քվեաթերթիկի նմուշը, որը պետք է օգտագործվի մարտի 5-ին նախատեսված ՀՀ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում: Համաձայն ԿԸՀ որոշման, ընտրական քվեաթերթիկում այբբենական կարգով գրված կլինեն նախագահի թեկնածուների անունները` Հայաստանի Ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի եւ երկրորդ ժամկետով իր թեկնածությունն առաջադրած ՀՀ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի: ԿԸՀ հաստատել է նաեւ նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ընտրացուցակների ձեւը: Ինչպես տվյալ հարցի առնչությամբ նշել է ԿԸՀ նախագահի տեղակալ Համլետ Աբրահամյանը, հաշվի առնելով, որ առաջին փուլում դատական կարգով իրենց ընտրական իրավունքները վերականգնել են 10 432 քաղաքացի, ապա ընտրացուցակները ճշտման կարիք ունեն: Նշենք, որ ԿԸՀ-ում «Ազգային միաբանություն» կուսակցության ներկայացուցիչ Զավեն Փլուզյանը ցուցադրականորեն հրաժարվել է մասնակցել ինչպես նիստի աշխատանքներին, այնպես էլ քվեարկությանը` բողոքելով ինչպես ինքն է ասում` «ընտրությունների ընթացքում ցուցաբերած իշխանությունների կամայականությունների դեմ»: