AM
22 February 2003 - 13:35 AMT

ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՋԱԿՑՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ ՎՍՏԱՀ ԵՆ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼՈՒՄ ԻՐԵՆՑ ԹԵԿՆԱԾՈՒԻ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ

Հայաստանի գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանին աջակցող քաղաքական ուժերը վստահ են երկրի ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլում իրենց թեկնածուի հաղթանակին: Ինչպես տեղեկացրել է Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը ՀՀ խորհրդարանի փոխխոսնակ, Հանրապետական կուսակցության վարչության անդամ Տիգրան Թորոսյանը, երկրորդ փուլին նախորդող երկու շաբաթվա ընթացքում նախընտրական շտաբի աշխատանքները պետք է լինեն ավելի կազմակերպված եւ արդյունավետ: Դա հնարավորություն կտա ընտրությունների ընթացքում արձանագրել արդյունքներ, որոնք ոչ մեկի մոտ կասկած չեն հարուցի եւ նորընտիր նախագահը, ունենալով հասարակության աջակցությունը, ավելի վճռականորեն կլուծի երկրի առջեւ ծառացած խնդիրները: Անդրադառնալով ընդդիմության հայտարարությանը` առաջին փուլում թույլ տված խախտումների վերաբերյալ, փոխխոսնակն ընդգծել է, որ դրանցից որոշ մասն անհիմն են եղել: Նրա խոսքերով` եթե ընտրությունների ընթացքում արձանագրվում են խախտումներ, ապա դրանք պետք է արձանագրվեն փաստացիորեն եւ տրվեն համապատասխան ատյանների` ԿԸՀ, դատարաններ, իսկ ընտրությունների արդյունքի բողոքարկման դեպքում` Սահմանադրական դատարան: