AM
6 Դեկտեմբեր 2012 - 11:26 AMT

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի առևտրավարկային պորտֆելը 2012-ի 10 ամիսներին ավելացել է 23 տոկոսով

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի առևտրավարկային պորտֆելը 2012-ի 10 ամիսների ընթացքում ավելացել է 23 տոկոսով և կազմել 100 մլրդ դրամ, ինչը վկայում է հաճախորդների հաջողությունների և ձեռքբերումների մասին: Այդ մասին Երևանում դեկտեմբերի 6-ին հահտնել է բանկի առևտրավարկային բաժնի ղեկավար Արամ Փինաջյանը:

Խոսելով վարկային պորտֆելի կառուցվածքի մասին` նա նշել է, որ դրանում մեծ մասը բաժին է ընկնում կորպորատիվ հաճախորդներին և միջին բիզնեսին, որոնք կապեր ունեն արտաքին աշխարհի հետ: «Միջազգային բիզնեսով զբաղվող ընկերությունները, խոշոր ընկերությունների ներկայացուցիչները գտնվում են մեր հետաքրքրության շրջանակներում»,- ասել է նա:

Ինչ վերաբերում է ընդհանուր վարկային պորտֆելին, ապա նրա խոսքով, այն հասնում է շուրջ 125 մլրդ դրամի:

Իր հերթին Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Թիես Կլեմենցը նշել է, որ բանկն արդեն ապահովել է լավ ֆինանսական ցուցանիշներ, որոնց աճը կշարունակվի նաև մինչև տարեվերջ, բայց տարվա արդյունքները հայտնի կլինեն հաջորդ տարվա սկզբին:

2012-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ բանկի շահույթը հարկումից հետո կազմել է 5.7 միլիարդ ՀՀ դրամ` 24 տոկոսի աճ 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: Ակտիվները կազմել են 207 միլիարդ ՀՀ դրամ` տարեսկզբի համեմատ աճելով 15 տոկոսով:

Հաճախորդներին տրված համախառն վարկերը կազմել են 133 միլիարդ ՀՀ դրամ` տարեսկզբի համեմատ աճելով 23 տոկոսով:

Հաճախորդների ավանդները կազմել են 131 միլիարդ ՀՀ դրամ` տարեսկզբի համեմատ աճելով 8 տոկոսով: Կապիտալի եկամտաբերությունը կազմել է 23 տոկոս: