«ArmNet 2012» նախագծի եզրափակիչ միջոցառումները՝ ինֆորմացիոն տեխնոլոգիաների միջազգային երրորդ կոնֆերանսը ՝ «Բրենդեր և թվային տեխնոլոգիաներ» թեմայով և «ArmNet Awards» համահայկական վեբ-մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենան դեկտեմբերի 8-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Արարատ» սրահում:
«Բրենդեր և թվային տեխնոլոգիաներ» թեմայով կոնֆերանսը` նվիրված վեբ տեխնոլոգիաներին, բիզնեսի և ՀՀ տնտեսության տարբեր ոլորտներում դրանց ներդրմանը, կմեկնարկի դեկտեմբերի 8-ին, ժամը 10:00-ին:
Կոնֆերանսի ընթացքում կներկայանան ոլորտի ինչպես հայ, այնպես էլ միջազգային հայտնի փորձագետներ՝ Անտոն Մերկուրովը (Instid Russia փորձագետ, Ռուսաստան), Արտաշես Մկրտչյանը (Hayland.am սոցիալական ցանցի ղեկավար, Հայաստան), Իլյա Սիդորովը (Google Russia նախագծերի ղեկավար, Ռուսաստան), Միխայիլ Իլյիչովը (Վեբ բիզնեսի փորձագետ, Ռուսաստան), Սամվել Մարտիրոսյանը (Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ, Հայաստան), Էրվան Լը Նագարը (Orange Ֆրանս Տելեկոմ Խումբ, սոցիալական մեդիաների փորձագետ, Ֆրանսիա), Րաֆֆի Հալաջյանը (sen.se հիմնադիր, Ֆրանսիա), Օլիվեր Վագները (BuzzRank GmbH գործադիր տնօրեն, հիմնադիր և SocialObjects GmbH գործադիր տնօրեն, հիմնադիր, Գերմանիա):
«ArmNet 2012» համահայկական վեբ-մրցույթի ամփոփումը և մրցանակաբաշխությունը`«ArmNet Awards 2012»-ը, տեղի կունենա նույն օրը՝ ժամը 20:30-ին: Հայտնի կդառնան հաղթողների անունները 8 անվանակարգերում՝ ըստ միջազգային մասնագիտական ժյուրիի և «Ժողովրդական ընտրություն» անվանակարգի հաղթողը, որի հաղթողը կորոշվի SMS-քվեարկությամբ:
Հիշեցնենք, որ «ArmNet 2012» մրցույթին այս տարի մասնակցության հայտ են ներկայացրել 540 կայքեր, բլոգեր և անձնական էջեր: Մրցույթի հիմնական 7 անվանակարգերի հավակնորդների ցանկը հայտարարվել է նոյեմբերի 30-ին:






