Նախագահի թեկնածու, «Ազգային-ժողովրդավարական միություն» կուսակցության առաջնորդ Վազգեն Մանուկյանը Հայաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում մտադիր է իր ընտրազանգվածի ձայները (1,89%) տալ նախագահի թեկնածու, Ժողովրդական կուսակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանին: Ինչպես «Արմինֆո» գործակալությանը հայտարարել է Վ. Մանուկյանը, այդ հարցի առնչությամբ պաշտոնական որոշումը կընդունվի ԱԺՄ վարչության այսօր կայանալիք նիստում: Նույն դիրքորոշումն ունի նաեւ նախագահի թեկնածու, «Հեռանկար» ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ղեկավար Արամ Կարապետյանը (2,92%): Նախագահի թեկնածու, Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը (0,46%) դեռ ընտրությունների առաջին փուլում հայտարարել է Ստեփան Դեմիրճյանի թեկնածությունը պաշտպանելու մասին: Առայժմ այդ հարցում չի կողմնորոշվել «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանը`հայտարարելով, որ կուսակցության վերջնական դիրքորոշումը կորոշվի ԱՄ կուսակցության վարչության նիստի ընթացքում, որը տեղի կունենա նախագահական ընտրությունների առաջին փուլի վերջնական արդյունքների ամփոփումից հետո: