AM
21 February 2003 - 16:50 AMT

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԺՎԱՐ ԹԵ ԱԶԴԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԻՆ, ԳՏՆՈՒՄ ԵՆ ԲԱՔՎՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԺՎԱՐ ԹԵ ԱԶԴԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԻՆ, ԳՏՆՈՒՄ ԵՆ ԲԱՔՎՈՒՄ

Ռոբերտ Քոչարյանի վերընտրումը Հայաստանի նախագահի պաշտոնում դրական ազդեցություն չի գործի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացի վրա, սակայն թույլ կտա շարունակելու բանակցությունները նախկին ռեժիմով: Այսպիսի կարծիք, ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, հայտնել է «Թուրանին» Ադրբեջանի նախագահի աշխատակազմի միջազգային կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը` մեկնաբանելով Հայաստանում նախագահական ընտրությունների նախնական արդյունքները: «Հեյդար Ալիեւի եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ բանակցությունների ժամանակ որոշակի քայլեր են ձեռնարկվել փոխըմբռնում ձեռքբերելու ուղղությամբ», – ասել է Մամեդովը: Դրա հետ մեկտեղ, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը նշել է, որ Քոչարյանը դժվար թե հրաժարվի իր ժողովրդին տված խոստումներից: «Ազգային անկախություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Էթիբար Մամեդովը կարծիք է հայտնել է, որ Քոչարյանի վերընտրումը ոչ մի նոր բան չի բերի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերություններում: «Երկու երկրների միջեւ հարաբերությունների լճացումը կշարունակվի նաեւ այս տարի: Քանզի Քոչարյանը մտադիր չէ զիջումներ կատարել Ադրբեջանին», – ասել է Էթիբար Մամեդովը: «Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Իսա Գամբարը մատնանշել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ՀՀ նախագահի պաշտոնի թեկնածուների դիրքորոշումներում զգալի տարբերությունների բացակայությունը: Ուստի, նրանցից ոչ մեկի հաղթանակն էլ սկզբունքային ազդեցություն չի ունենա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների եւ հակամարտության կարգավորման հեռանկարների վրա: