Դեկտեմբերի 11-ին «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ը և Զարգացման եվրասիական բանկը (ԶԵԲ) ստորագրել են 15 մլն դոլարի վարկային համաձայնագիր` փոքր և միջին ձեռնարկատիրության վարկավորման համար: Բանկի կողմից փաստաթուղթը ստորագրել է «ՎՏԲ-Հայաստան բանկի» գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Յուրի Գուսևը, ԶԵԲ կողմից` կառավարման նախագահի տեղակալ Դմիտրի Ժուրբան:
«Այսօր մեծ իրադարձություն է Հայաստանի տնտեսության համար` կապիտալի հերթական ներհոսքը հանրապետություն»,- ասել է Ժուրբան:
Իր հերթին հայկական բանկի գլխավոր տնօրենն ընդգծել է, որ ՓՄՁ վարկավորումը գերակա է «ՎՏԲ-Հայաստան բանկի» համար:
«Այդ պայմանագիրը թույլ է տալիս բանկին և մեր հաճախորդներին շատ լավ հնարավորություններ ստանալ բիզնեսի զարգացման համար: Հենց այս հատվածում մենք կկենտրոնանանք 2013-ին»,- ասել է նա: Ինչպես նշել է Գուսևը, հատկացված միջոցները կուղորդվեն նոր բիզնեսի վարկավորմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, հավելելով, որ բանկը մտադիր է տեղաբաշխել դրանք արդեն 2013-ի հունվար-փետրվարին:
«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի վարկային պորտֆելը տվյալ պահին կազմում է 28 մլրդ դրամ, ՓՄՁ-ին բաժին է ընկնում 13 մլրդ դրամ, անցած տարվա համեմատ աճը կազմել է 30 տոկոս:






