Զարգացման եվրասիական բանկը (ԶԵԲ) հույս ունի, որ 2013-ին նրան կհաջողվի անմիջական մասնակցություն ունենալ հայկական ընկերությունների կապիտալում: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ԶԵԲ վարչության նախագահի տեղակալ Դմիտրի Ժուրբան:
Նրա խոսքով, այսօրվա դրությամբ ԶԵԲ գործընկերները միայն Հայաստանի առևտրային բանկերն են, որոնց 2012-ին տրամադրված միջոցների ընդհանուր ծավալը կազմել է 79 մլն դոլար: «Մենք կցանկանայինք ֆինանսավորել Հայաստանի տնտեսության ձեռնարկությունները, բայց ցավոք սրտի «մուտքի տոմսի» բարձր արժեքը` 30 մլն դոլար, առայժմ թույլ չի տալիս գտնել մեր պահանջներին համապատասխան ռիսկերի գնահատման նախագծեր: Հույս ունենք, որ հաջորդ տարի կլինի առաջին «ծիծեռնակը» և մենք կվարկավորենք ոչ միայն բանկերը, այլ նաև կիրականացնենք ուղղակի ներդրում ընկերությունների կապիտալում»,- ասել է նա:
Միաժամանակ, Ժուրբան չի նշել ընկերության անունը, որի հետ բանակցություններ են ընթանում, նշելով, որ «փողերն աճում են լռության մեջ»:
Դեկտեմբերի 11-ին «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ը և Զարգացման եվրասիական բանկը (ԶԵԲ) ստորագրել են 15 մլն դոլարի վարկային համաձայնագիր` փոքր և միջին ձեռնարկատիրության վարկավորման համար:






