ԲՀԿ անունով պարանը պոկվեց: Այն բոլոր կողմերից քաշքշում էին և չդիմացավ՝ հասկանալի հետևանքներ ունենալով քաշքշողների համար: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքագետ Արմեն Աղայանը՝ անդրադառնալով նախագահական ընտրություններին չմասնակցելու և որևէ մեկին չսատարելու ԲՀԿ որոշմանը: «Ես շատ կուզեի հավատալ, որ Ծառուկյանը հեռահար նպատակ ունի և գիտեր իր այս քայլով ինչ վիճակում կհայտնվեր քաղաքական դաշտը, բայց ես հակված չեմ այդպես մտածել»,- ասաց քաղաքագետը:
Ըստ Արմեն Աղայանի՝ Ծառուկյանը չդիմացավ պարանը քաշողների ձեռքին: «Դժվար է դիմանալ, երբ դու լծակ ես: Երբ սուբյեկտ չես, այլ օբյեկտ ես, որին ամեն մեկը փորձում է իր կողմը քաշել»,- ասաց նա: Արմեն Աղայանը կարծում է, որ ԲՀԿ-ի վարկանիշը մեկ տարի հետո կհավասարվի ՀԱԿ-ի այսօրվա վարկանիշին:






