Այս տարի մսի գինը տոնական օրերին չի աճի: Այս մասին դեկտեմբերի 13-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը: Նրա խոսքով` վերջին 30-40 տարիների դիտմամբ, այս տարի հանրապետությունում արձանագրվել է անասունների գլխաքանակի աննախադեպ աճ, հատկապես խոշոր եղջերավորների քանակն աճել է 28.000-ով, կազմելով 590.200: Ոչխարի գլխաքանակն ավելացել է 60.000-ով, խոզերի թիվը կազմել է 108.000 գլուխ: Խոսելով մսի գների մասին, նա նշեց, որ գառան միսը նախկին 3500 դրամի փոխարեն նվազել է 30 տոկոսով, և կազմում է 2400-2500 դրամ, տավարինն աճել է 8 տոկոսով` 2600-2700 դրամից դարձել 2400-2500 դրամ: Խոզի գինը նվազել է 15 տոկոսով, և կազմում է 3000 դրամ: «Տարին մենք կփակենք անասնաբուծական ոլորտի էական աճով` մոտ 4 տոկոս»,-շեշտեց նա, հավելելով, որ մսի արտադրությունը կավելանա 3.8 տոկոսով, և կկազմի 133.000 տոննա:
Անցած տարվա համեմատ 4.2 տոկոսով այս տարի արձանագրվել է նաև կաթի արտադրության աճ, կազմելով 630.000 տոննա: Ինչ վերաբերում է ձվի արտադրությանը` գյուղնախի մասնագետը նշեց, որ այստեղ ունենք 3.8 տոկոս աճ`850 մլն հատ: Անդրադառնալով նախատոնական գների տատանումներին, նա շեշտեց, որ մսի գների թանկացում չի ակնկալվում, բացառությամբ ազդրամսի` 8-10 տոկոս աճ: Մասնագետը խորհուրդ տվեց տոնական սեղանը զարդարել ոչխարի մսով, որն ավելի քիչ խոլեստերին է պարունակում, և ավելի ավանդական է:






