AM
14 Դեկտեմբեր 2012 - 10:24 AMT

Հետազոտություն. Հյուրանոցային բիզնեսին բաժին է ընկնում Հայաստանի ՀՆԱ-ի 0,6 տոկոսը

«Ամերիա» խորհրդատվական ընկերության կողմից անցկացված հետազոտության համաձայն, 2012-ին հյուրանոցային բիզնեսին բաժին է ընկել Հայաստանի ՀՆԱ 0.6 տոկոսը: Դեկտեմբերի 14-ին Երևանում նման տվյալներ է ներկայացրել «Ամերիա» խորհրդատվական ընկերության հետազոտությունների ավագ մասնագետ Արտաշես Շաբոյանը: «Միտումների զարգացումը հաշվի առնելով` կարելի է ենթադրել, որ այդ ցուցանիշը 2015-ին կաճի և կմոտենա 0.8 տոկոսի»,- ասել է նա: Միաժամանակ, մասնագետի խոսքով, 2011-ի տվյալներով ծառայությունների ոլորտում Հայաստանի հյուրանոցային բիզնեսին բաժին է ընկել 5.1 տոկոս:

Հայաստանում զբոսաշրջության և հյուրանոցային ծառայության ոլորտների հետազոտությունն անցկացվել է «Ամերիա» խորհրդատվական ընկերության կողմից ընթացիկ իրավիճակի և այս հատվածում զարգացման դինամիկայի գնահատման համար:

Արտաշես Շաբոյանը հիշեցրել է, որ Հայաստանի կառավարության կողմից զբոսաշրջության ոլորտը հայտարարվել է գերակա: Այդ նպատակով կառավարությունը մշակել է նրա աճի ռազմավարությունը, որում, մասնավորապես, ուրվագծվել են հետևյալ նպատակները. միջին տարեկան աճի ապահովում 9 տոկոսի մակարդակում, ինչի հաշվին մինչև 2020-ը զբոսաշրջիկների հոսքը երկիր պետք է հասնի 1,5 մլն մարդու: Ոլորտը պետք է զբաղվածություն ապահվի 1,9 տոկոսի մակարդակում և հասնի 2 տոկոսի:

Արտաշես Շաբոյանը ներկայացրել է նաև վիճակագրական տվյալներ, որոնց համաձայն 2012-ի սեպտեմբերին 2011-ի նույն շրջանի համեմատ զբոսաշրջության ոլորտի աճը կազմել է 9,4 տոկոս: «Կարելի է ենթադրել, որ տարին մենք կավարտենք 10-տոկոսանոց աճով»,- հավելել է նա:

Հետազոտությունն անցկացվել է մի շարք միջազգային հեղինակային հետազոտական կենտրոնների տվյալների հիման վրա` Colliers International, HVS Global Hospitality Services, Richard Cancellor և այլն, ինչպես նաև տարածաշրջանային հետազոտությունների արդյունքների, որոնք անցկացվել են միջազգային կազմակերպությունների և Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության կողմից:

Հետազոտությունն իրենից ներկայացնում է ոչ միայն վիճակագրական վերլուծություն, այլ նաև փորձագիտական գնահատականներ է տալիս Հայաստանի հյուրանոցային ոլորտի և տարածաշրջանի վերաբերյալ, ինչպես նաև ներկայացնում Հայաստանում և Հարավային Կովկասում հյուրանոցային բիզնեսի զարգացման հնարավորությունները և դինամիկան: