«Ամերիա» խորհրդատվական ընկերությունը զբոսաշրջության և հյուրանոցային ծառայության ոլորտներում անցկացրած իր հետազոտությունում Հայաստանում գործող հյուրանոցները բաժանել է չորս կարգերի` էկոնոմ (economy), միջին կարգ (midscole), բարձր կարգ (upscole) և ամենաբարձր կարգ (upper upscole): Ինչպես հաղորդել է դեկտեմբերի 14-ին հետազոտությունը ներկայացնելիս «Ամերիա» խորհրդատվական ընկերության հետազոտությունների ավագ մասնագետ Արտաշես Շաբոյանը, առավել եկամտաբերություն է արձանագրվել midscole կարգում` 13,6 տոկոս, այնուհետև economy` 13,1 տոկոս, upscale` 12,2 տոկոս, upper upscale` 11,8 տոկոս:
Նրա խոսքով, economy կարգի հյուրանոցներին բաժին է ընկնում ընդհանուր թվի 77 տոկոսը, midscole կարգի`12 տոկոս, upscale` 8 տոկոս, upper upscale` 3 տոկոս:
Ինչ վերաբերվում է հյուրանոցային համարների գներին, ապա, հետազոտության տվյալներով, դրանք վերջին երկու տարիների ընթացքում բարձրացել են economy և upscale կարգի հյուրանոցներում, գրեթե անփոփոխ են մնացել midscole կարգի հյուրանոցներում և աննշան նվազել upper upscale կարգի հյուրանոցներում:
Հետազոտությունն անցկացվել է մի շարք միջազգային հեղինակային հետազոտական կենտրոնների տվյալների հիման վրա` Colliers International, HVS Global Hospitality Services, Richard Cancellor և այլն, ինչպես նաև տարածաշրջանային հետազոտությունների արդյունքների, որոնք անցկացվել են միջազգային կազմակերպությունների և Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության կողմից:
Հետազոտությունն իրենից ներկայացնում է ոչ միայն վիճակագրական վերլուծություն, այլ նաև փորձագիտական գնահատականներ է տալիս Հայաստանի հյուրանոցային ոլորտի և տարածաշրջանի վերաբերյալ, ինչպես նաև ներկայացնում Հայաստանում և Հարավային Կովկասում հյուրանոցային բիզնեսի զարգացման հնարավորությունները և դինամիկան:






