Լևոն Զուրաբյանի և իմ հանդիպման փաստի և զրույցի բովանդակության շուրջ որևէ սենսացիա չկա և չի կարող լինել:
Որպես ՀՀ քաղաքացի, պատգամավոր և քաղաքական գործիչ՝ մեր իրավունքն է՝ հանդիպել ցանկացած վայրում և զրուցել ցանկացած թեմայի մասին: Այս մասին իր Ֆեյսբուքի էջում գրել է նախկին արտգործնախարար, ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանը` մեկնաբանելով իր և ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի զրույցի հրապարակման փաստը:
«Այստեղ միակ սենսացիան այն է, որ ժողովրդի կողմից ընտրված երկու պատգամավոր հետապնդվում են, պետական ռեսուրսներ են վատնվում նրանց գաղտնալսելու համար:
Այս հարցի կապակցությամբ ես երեք նկատառում ունեմ. 1. Այն, ինչ արվել է, բացարձակապես անընդունելի է, դատապարտելի է և անօրինական է: Ես կարծում եմ, որ իրավապահ մարմիններն այս հարցին պետք է հետամուտ լինեն և հայտնաբերեն ու պատասխանատվության ենթարկեն զրույցը ձայնագրողներին և տարածողներին:
2. Նրանք, ովքեր կազմակերպել և տարածել են ձայնագրությունը, ընդհանրապես արհարամրհում են Հայաստան պետության վարկն ու հեղինակությունը:
3. Ակնհայտորեն որոշ մարդիկ պետության շահերի պաշտպանությունը շփոթում են իշխանության շահերի պաշտպանության հետ»:






