AM
14 June 2005 - 07:58 AMT

ՀԲ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ Է ԳՆԱՀԱՏԵԼ

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հանդիպել է Համաշխարհային Բանկի փոխնախագահ Շիգեո Կացուին եւ Բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Ռոջեր Ռոբինսոնին, տեղեկացնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը: Ընդգծելով Համաշխարհային Բանկի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի հաջող ընթացքը` Շիգեո Կացուն Հայաստանի հետ համագործակցությունը արդյունավետ է գնահատել: Նա նաեւ նշել է, որ Հայաստանը որոշակի առաջընթաց է արձանագրում տնտեսության զարգացման գործում, տնտեսական ակտիվությունն ու դրական փոփոխություններն ակնհայտ են: Վստահություն հայտնելով, որ համագործակցությունը նույն արդյունավետությամբ կշարունակվի` Ռոբերտ Քոչարյանը հայտնել է. «Բարեփոխումները մենք իրականացնում ենք այն համոզմունքով, որ դրանք առաջին հերթին անհաժեշտ են մեզ, եւ մեր նպատակն է հնարավորինս արագ հաղթահարել անցումային շրջանը»: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հարկային, մաքսային վարչարարության կատարելագործմանը, արտադրական ենթակառուցվածքների գործունեության արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր: Ռ.Քոչարյանի խոսքերով` հարկային, մաքսային վարչարարության կատարելագործումը հայտարարվել է առաջնահերթ խնդիր եւ հայկական կողմը հետեւողական է լինելու այդ աշխատանքում: «Վարչարարություն, թափանցիկություն, հրապարակայնություն` սրանք են այն հիմնական ուղղությունները, որոնց շուրջ պետք է վճռականորեն աշխատել»,- նշել է ՀՀ նախագահը: Զրուցակիցները շոշափել են նաեւ կրթության, առողջապահության համակարգի, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման ոլորտի բարեփոխումներին առնչվող հարցեր: Նշելով կրթության եւ առողջապահության ոլորտի բարեփոխումների տեմպերի դանդաղ լինելը` Ռոբերտ Քոչարյանն ավելացրել է, որ արդեն իսկ մշակված է բուհական համակարգի եւ գիտության բարեփոխումների ժամանակացույցը: Տեղական ինքնակառավարման ոլորտում, նախագահի խոսքերով` հիմնական քաղաքականությունն ապակենտրոնացումն է: Նշելով, որ վերջին երկու տարիների ընթացքում այդ ուղղությամբ զգալի աշխատանք կատարվել է` Ռոբերտ Քոչարյանն ասել է. «Մեր նպատակն է հնարավորինս շատ լիազորություններ փոխանցել տեղական ինքնակառավարման մարմիններին, հատկապես կենցաղի հետ կապված ոլորտներում»: Տարածքային քաղաքականության տեսանկյունից` Հայաստանի նախագահը կարեւորել է սահմանամերձ բնակավայրերի զարգացումը եւ աղքատության հաղթահարումը: