Հայաստանի տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը Երեւանում հանդիպել է Համաշխարհային բանկի փոխնախագահ Շիգեո Կացուին, տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանում ՀԲ-ի կողմից իրականացվող, մասնավորապես, ջրամատակարարման, ոռոգման ոլորտի ծրագրերի ընթացքի եւ համագործակցության հեռանկարների հետ կապված հարցեր: Ներկայացնելով ոռոգման եւ խմելու ջրերի ոլորտներում իրականացվող բարեփոխումները` Հ.Աբրահամյանը գոհունակություն է հայտնել ընդհանուր առմամբ այդ ծրագրերի իրականացման արդյունավետությունից` ընդգծելով, որ նման ծրագրերի շարունակումն իր դրական ազդեցությունը կունենա նաեւ Հայաստանի տնտեսական աճի ներկա ցուցանիշների պահպանման, ինչպես նաեւ ժողովրդի կենսամակարդակի բարձրացման վրա: Միաժամանակ, նա նշել է որոշ դժվարություններ` հույս հայտնելով, որ ՀԲ-ի հետ մեկտեղ դրանք եւս հնարավոր կլինի կարգավորել: Ընդգծելով, որ ՀԲ-ում որոշակի վստահություն է ձեւավորվել Հայաստանում իրականացվող ծրագրերի վերաբերյալ` Շիգեո Կացուն նշել է, որ բարձրացված հարցերը մոտ ժամանակներս հանգամանորեն կքննարկվեն եւ իրենց լուծումները կստանան: Կացուն առաջարկել է քննարկել նաեւ ջրամատակարարում-ջրահեռացում ամբողջ համակարգն ընդգրկող նոր ծրագրի մշակման եւ իրականացման հնարավորությունը: Ողջունելով Ասիական զարգացման բանկի հետ Հայաստանի համագործակցության հաստատումը` Կացուն եւ հանդիպմանը մասնակցող ՀԲ-ի երեւանյան գրասենյակի ղեկավար Ռոջեր Ռոբինսոնը կարեւորել են միջազգային կառույցների կողմից աջակցվող ծրագրերի իրականացումը, մասնավորապես ՀԲ, Ասիական զարգացման բանկի, եւ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի: