AM
19 Դեկտեմբեր 2012 - 07:28 AMT

ԵվրԱզԷՍ-ի և Մաքսային միության գագաթաժողովները կանցնեն Կրեմլում

ԵվրԱզԷՍ գագաթաժողովը, որին կմասնակցեն Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի առաջնորդները, տեղի կունենա դեկտեմբերի 19-ին Մոսկվայում: Կողմերը կքննարկեն կազմակերպության հետագա վերակազմավորումը և ֆինանսական հարցերը, այդ թվում` 2011-ին կազմակերպության բյուջեի կատարման մասին հաշվետվությունը, բյուջետային ուղերձը և 2013-ի բյուջեն, լրագրողներին հաղորդել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

Նույն օրը Կրեմլում տեղի կունենա Եվրասիական տնտեսական գերագույն խորհուրդը Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահների մակարդակում: Խորհուրդը կքննարկի Վիետնամի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիր կնքելու մասին բանակցություններ սկսելու հարցը: Նիստի ընթացքում պլանավորվում է նաև հաստատել 2013-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի բյուջեի նախագիծը:

ԵվրԱզԷՍ գագաթաժողովի օրակարգի կենտրոնական հարցը կդառնա ոչ միայն կազմակերպության հետագա վերակազմավորումը, այլ նաև նրա կառուցվածքի օպտիմալացումը, նշում են Կրեմլում:

Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի առաջնորդները Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածության բարձրագույն մարմնի` Եվրասիական տնտեսական գերագույն խորհրդի նիստում կքննարկեն երեք երկրների փոխգործակցության զարգացման և խորացման հարցերը:

ԵվրԱզԷՍ-ը ստեղծվել է 2000թ. հոկտեմբերին Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածության ձևավորումն առաջ մղելու համար: 2011-ին և 2012-ին միությունում նախագահում է Ռուսաստանը: