AM
19 Դեկտեմբեր 2012 - 08:12 AMT

Ավարտվել է Քոբեր-Թումանյան վազուրդում գտնվող կամրջի վերանորոգումը

Դեկտեմբերի 18-ին ավարտվել է 1898 թվականից շահագործվող, Քոբեր-Թումանյան վազուրդում գտնվող երկաթուղային կամրջի վերանորոգումը: Վերանորոգումն իրականավցում էր «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ենթակառուցվածքի արդիականացման ծրագրի շրջանակներում: Դա արդեն երրորդ երկաթուղային կամուրջն է, որը Ընկերությունը շահագործման է հանձնում այս տարի:

2012 թվականի ապրիլին՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի և «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Վլադիմիր Յակունինի ներկայությամբ բացվեց Զամանլուի կամուրջը, իսկ հոկտեմբերին բացվեց Շահալի-Թումանյան վազուրդի կամուրջը, որն ավելի հայտնի է որպես Սատանի կամուրջ:

Քոբեր-Թումանյան վազուրդում գտնվող կամուրջը կառուցվել էր 114 տարի առաջ և անցել է միայն ընթացիկ վերանորոգում: Կամրջի բարձրությունը կազմում է 13,10 մետր, ընդհանուր երկարությունը՝ 75 մետր:

Հետամուտ լինելով հայկական բիզնեսի աջակցման իր քաղաքականությանը՝ «ՀԿԵ» ՓԲԸ-ն երկաթուղային կամրջի վերակառուցման կապալառու է ընտրել «Կամուրջշին» հայկական շինարարական ընկերությանը:

Վերակառուցման ծրագրի արժեքը կազմեց 336,8 մլն. դրամ:

2008-2012 թթ. ենթակառւցվածքի արդիականացման ծրագրի համար հատկացվել է 50 մլրդ. դրամ, այն դեպքում, երբ Հարավկովկասյան երկաթուղու ներդրումային ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը կազմեց մոտ 90 մլրդ դրամ: Հավատարմագրային կառավարման գործունեության սկզբից վերանորոգվեց 300 կմ գիծ, տեխնոլոգիական նշանակության 160 օբյեկտ, 33 արհեստական կառույց, 130 կմ կոնտակտային ցանց, 140 կմ էլեկտրահաղորդման գիծ, հաղորդում է ՀԿԵ մամլո ծառայությունը: