AM
19 Դեկտեմբեր 2012 - 12:26 AMT

Հայաստանի գյուղնախարարը և Հունաստանի դեսպանը քննարկել են համագործակցության հարցեր

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Տայիսիին` վերջինիս խնդրանքով: Ողջունելով դեսպանին` ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Նախարարը շնորհակալություն է հայտնել Հունաստանի կառավարությանը «Հայաստանում սպանդանոցների զարգացման աջակցության» ծրագրին օժանդակելու համար և հույս հայտնել, որ գյուղատնտեսության ոլորտում Հունաստանի Հանրապետության աջակցությունը շարունակական բնույթ կկրի:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դեսպանը նշել է. «Իմ երկիրը` Հունաստանը, միշտ կլինի Ձեր կողքին , որպեսզի վճռականորեն և իր տնտեսական հնարավորությունների շրջանակներում նպաստի Հայաստանում սպանդանոցներիզարգացման աջակցության ծրագրի իրականացմանը և օգտակար լինի Հայաստանի քաղաքացիներին»:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ու դեսպան Իոաննիս Տայիսին հանդիպման ընթացքում քննարկել են նաև Հունաստանի կառավարության աջակցությամբ Հայաստանում երկու` սննդամթերքում մնացորդային թունաքիմիկատների վերահսկողության և ընպելիքների հավաստագրման լաբարատորիանների ստեղծման հնարավորինս արագ ընթացք տալու հնարավորությունը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարի և ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի հանդիպումը ճանաչողական բնույթ էր կրում: Հանդիպման ավարտին, ՀՀ գյուղատնտեսության նախարարը և դեսպան Տայիսին անդրադարձել են երկու երկրների գյուղատնտեսության ներկայիս վիճակին, և ներկայացրել երկու երկրներում ոլորտի հետագա զարգացմանն ուղղված կառավարությունների կողմից տարվող աշխատանքները, հաղորդում է գյուղատնտեսության նախարարության մամլո ծառայությունը: