Իշխանությունների հակակոռուպցիոն պայքարը ՀՅԴ-ն համարում է անբավարար, իսկ պատճառը համակարգային փոփոխությունների կամքի բացակայությունն է: Այսօր «Կոռուպցիոն իրավիճակը Հայաստանում և հասարակական ընկալումները նախընտրական փուլում» քննարկման ժամանակ նման հայտարարություն արեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Այն, որ կոռուպցիան հաղթահարելու համար անհարաժեշտ են համակարգային փոփոխություններ, պնդում է նաև «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Արծվիկ Մինասյանի կարծիքով՝ բազմահատոր վերլուծությունները ոչ մի արդյունք չեն կարող տալ: «Արհեստական է ոլորտների միջև բաժանում դնելը, փոփոխությունները պետք է համակարգային լինեն, եթե որևէ ոլորտում կոռուպցիայի համաթիվը բարձր է, չի նշանակում, որ հենց այդտեղից պետք է սկսել»,- նկատեց նա: Արծվիկ Մինասյանն առաջարկում է հակակոռուպցիոն առանձին օրենք ընդունել և անկախ հակակոռուպցիոն գործակալություն ստեղծել, որը պետք է հիմնվի մի շարք չափանիշների վրա: «Հայաստանում այդ մարմինը պետք է լինի բացարձակապես հավասարակշռված: Երբ ընդդիմությունն ավելի մեծ թվով է ներկայացված լինում, այդ մարմնի գործունեությունն ավելի արդյունավետ է»,- ասաց նա:
Արմեն Մարտիրոյանն էլ իր հերթին ասաց, որ «Ժառանգություն»-ը ևս համամիտ է հակակոռուպցիոն մարմին ստեղծելու գաղափարին: Բայց ի տարբերություն Մինասյանի՝ նա կարծում է, որ այս մարմնում մեծամասնություն պետք է կազմի ընդդիմությունը և քաղաքացիական հասարակությունը: «Մարմինը վերահսկողական է և իշխանության ներկայությունն այստեղ պետք է բացառել: Մեծամասնությունը ձևավորելով իշխանությունը չի կարող վերահսկել: Շատ կարևոր է նաև պատժելիության կիրառումը»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:






