AM
27 June 2005 - 05:24 AMT

SYNOPSYS ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԶԱՐԳԱՑՆԵԼ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է ամերիկյան հանրահայտ Synopsys ընկերության նախագահ Աարտ դե Ջիեսին, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում Հայաստանի նախագահը ողջունել է Synopsys-ի նման համաշխարհային համբավ ունեցող ընկերության գործունեությունը մեր երկրում եւ ցանկություն է հայտնել, որ այն հնարավորինս ընդլայնվի: «Հայաստանը բարձր տեխնոլոգիաները ընտրել է որպես գերակա ուղղություն եւ չափազանց կարեւորում է ոլորտի զարգացումը»,- ընդգծել է Ռոբերտ Քոչարյանը: Ըստ նրա, աստիճանաբար ընդլայնվում են տեղեկատվական տեխնոլոգիաների ծառայությունները, ձեւավորվում է լուրջ բիզնես: Նա տեղեկացրել է, որ պետական կառավարման տարբեր ոլորտներում ներդրվում է էլեկտրոնային ծառայությունների համակարգը, որը կարեւոր քայլ է նաեւ թափանցիկ կառավարում ապահովելու ուղղությամբ: Իր հերթին Synopsys-ի նախագահ Աարտ դե Ջիեզը ներկայացրել է Հայաստանում իրենց գործունեության հիմնական ուղղություններն ու հետագա ծրագրերը: Նա նշել է, որ շարունակվելու է արդյունավետ համագործակցությունը Հայաստանի բարձրագույն կրթական հաստատությունների հետ: