AM
19 February 2003 - 19:20 AMT

ՏԵՂԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿՈՎ 16:30 ԴՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԸՆՏՐՈՂՆԵՐԻ 42,8 ՏՈԿՈՍԸ

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն, տեղական ժամանակով 16:30 դրությամբ Հայաստանի նախագահական ընտրությւոններին մասնակցել է 982 128 ընտրող /42,8 տոկոս/: Այս մասին հայտնել է Հայաստանի ԿԸՀ նախագահ Արտակ Սահրադյանը: Նրա խոսքերով` հանրապետության քաղաքացիների ակտիվությունը «պահպանվում է նույն մակարդակին»: Ա. Սահրադյանը տեղեկացրել է նաեւ, որ Հայաստանի որոշ մարզերում արդեն քվեարկել է ընտրողների 50 տոկոսը: Այսպես, նրա խոսքերով` Արմավիրի մարզում քվեարկողների ընդհանուր թիվը կազմել է 51,4 տոկոս, Սյունիքում` 55,9 տոկոս, Վայոց Ձորում` 53,7 տոկոս, Տաուշում` 53,9 տոկոս: Արագածոտնի մարզում ընտրություններին մասնակցել է 47,3 տոկոսը, Գեղարքունիքում` 45,1 տոկոսը, Լոռիում` 44,2 տոկոսը, Կոտայքում` 43,2 տոկոսը, Շիրակում` 38,6 տոկոսը, Արարատում` 51,6 տոկոսը: Ամենացածր ընտրական ակտիվությունը ցուցաբերել է Երեւանի ընտրազանգվածը` այստեղ քվեարկել է 249 հազար ընտրող, որը կազմում է 33,7 տոկոս: «Ընտրությունների ընթացքում դեռ չեն նկատվել կոպիտ միջադեպեր»,- նշել է ԿԸՀ նախագահը: Սահրադյանը տեղեկացրել է նաեւ, որ դատական որոշումների օգնությամբ իրենց ընտրական իրավունքը վերականգնել են հանրապետության 1667 քաղաքացի: