«2012-ը կարելի է հաջողված համարել Հայաստանի Հանրապետության համար: Տարին կհաջողվի փակել պետական բյուջեով պլանավորվածից բարձր ցուցանիշներով»,- Երևանում ամփոփիչ մամլո ասուլիսում ասել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:
Գերատեսչության ղեկավարը հիշեցրել է, որ բյուջեով նախատեսվել է 4,2 տոկոս «զգույշ» ցուցանիշը, սակայն տարվա արդյունքներով այդ ցուցանիշը կլինի 7 տոկոսի սահմանում:
Ինչպես նշել է նախարարը, առաջընթաց տեմպերով աճել է Հայաստանի տնտեսության իրական հատվածը, հատկապես արդյունաբերությունը, որտեղ արձանագրվել է 10 տոկոս աճ և արդեն 2012-ի նոյեմբերի տվյալներով արտադրության ծավալը գերազանցել է 1 տրլն դրամը:
Ինչ վերաբերվում է արտահանման ծավալներին, ապա այստեղ աճի տեմպը 2,5 անգամ ավելի է եղել ներկրման աճի տեմպերի համեմատ:
Միաժամանակ, Դավթյանը կարևորել է, որ Հայաստանը նման ցուցանիշներ է արձանագրում համաշխարհային տնտեսության ռեցեսիոն գործընթացների ֆոնին: Միաժամանակ, երկրի գլխավոր տնտեսագետը հավելել է, որ այդ գործընթացը կկրի շարունակական բնույթ 2013-ին և 2014-ին:






