2012 թվականի ազդեցիկ գործիչը գործող նախագահ Սերժ Սարգսյանն է: Նրան հաջորդում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ երկրորդ տեղում: Երրորդ տեղում է վարչապետ Տիգրան Սարգսյանը, հաջորդ հորիզոնականում են ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը և ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը և նրանց հետևում են «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը և ԱԻՄ կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը: Սա «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի անցկացրած հարցումների տվյալներն են, որոնք այսօր լրագրողներին ներկայացրեց կենտրոնի տնօրեն, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Նա ասաց, որ մարդիկ նշել են նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Վազգեն Մանուկյանի, Արամ Սարգսյանի և այլ գործիչների անունները ևս:
«Էպոսագետներին, ինժեներներին և գուրծազուրկներին, դժբախտաբար, չեն նշել: Եվ մտածելու համար, որ նրանք լուրջ արդյունքներ կգրանցեն գալիք նախագահական ընտրություններում, պետք է հիվանդ երևակայություն ունենալ»,- ասաց Ահարոն Ադիբեկյանը: Նա տեղեկացրեց նաև, որ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի օգտին բավական ցածր ցուցանիշ է գրանցվել՝ 0.6%, իսկ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանի օգտին՝ 0.1%:
Սոցիոլոգը նշեց, որ հարցումների նպատակն է եղել պարզել, թե որն է նախագահական պաշտոնին հավակնող հնարավոր թեկնածուների տեղը ազդեցիկ քաղաքական գործիչների շարքում:
Ավելացնենք, որ հարցումն անցկացվել է դեկտեմբերին, հանրապետության 1400 չափահաս բնակիչների շրջանում, համաչափ՝ ըստ մարզերի, քաղաքաբնակ-գյուղաբնակ, սեռատարիքային և կրթական խմբերի միջև:






