AM
27 Դեկտեմբեր 2012 - 10:11 AMT

Կիրո Մանոյան. Մեր դեսպաններից ոմանք իրենց դիրքն օգտագործում են անձնական շահերի համար

2012-ին մեր երկրին շահագրգռող բազմաթիվ իրադարձություններ են տեղի ունեցել, որոնց մի մասը նորմալ էր, մյուս մասը` ոչ: Կարծիքը ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանինն է, ով այսօր ասուլիս ժամանակ ամփոփել է անցնող տարվա ՀՀ արտաքին քաղաքականությունը:

Նրա խոսքով՝ այս տարի նկատելի էր հստակ քաղաքականության բացակայություն, իսկ արտաքին քաղաքականություն, կարելի է ասել, չենք ունեցել:

«Մեր արտաքին քաղաքակոնւթյան հարցում շատ բան կախված է դեսպաններից: Նրանցից ոմանք բուռն գործունեություն են ծավալում, ոմանք, ընդհակառակը, իրենց դիրքն օգտագործում են անձնական շահերի համար»,- ասաց Կիրո Մանոյանը:

«Ինչպես նախորդ, այնպես էլ այս տարվա ընթացքում նկատելի էր ադրբեջանցիների հակահայկական քաղաքականությունը»,- ասաց Մանոյանը: Նրա խոսքով՝ մենք հիմնականում փորձում էինք հակադարձել, ոչ թե ինչ-որ քայլ անել:

Հայ-թուրքական հարաբերություններում ևս Կիրո Մանոյանը որևէ փոփոխություն չի նկատել, քանի որ մեր իշխանությունները քաղաքականության ղեկը թողել են թուրքերին, ինչը մեր երկրի շահերից չի բխում:

Հայաստան-Իրան հարաբերությունները Մանոյանի կարծիքով շարունակում են կարևոր մնալ, հատկապես առևտրատնտեսական տեսանկյունից: