AM
30 June 2005 - 04:08 AMT

ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՀԱՅ-ՃԱՊՈՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԱԺՈՂՈՎ

Ընթացիկ տարվա հոկտեմբերին Երեւանում կանցկացվի հայ-ճապոնական գործարար համաժողով, որին կմասնակցեն ճապոնական խոշոր ընկերությունների ներկայացուցիչները: Ինչպես նշել է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Արմեն Բայբուրթյանը, գործարար համաժողովի անցկացման մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել հունիսի 24-ին Մոսկվայում կայացած «կլոր սեղանի» ժամանակ, որին մասնակցել են Ռուսաստանի մայրաքաղաքում գրասենյակներ ունեցող ճապոնական ընկերությունների ներկայացուցիչները: Ինչպես նշել է Արմեն Բայբուրթյանը, ճապոնացի գործարարներին ամբողջական տեղեկատվություն է ներկայացվել Հայաստանում տիրող տնտեսական իրավիճակի եւ ներդրումային հնարավորությունների մասին: «Կլոր սեղանի» ընթացքում նախապես որոշվել են համագործակցության այնպիսի հեռանկարային ոլորտներ, ինչպիսիք են զբոսաշրջությունը, քիմիական արդյունաբերությունը, էներգետիկան, էլեկտրոնիկան: 2004 թվականին Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել է շուրջ 12 մլն դոլար, ինչը, Բայբուրթյանի խոսքերով, չի համապատասխանում երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունների առկա ներուժին: Նա նաեւ նշել է, որ Երեւանում հանդիպել է Ճապոնիայի ԱԳՆ պատվիրակության հետ, որը գլխավորում էր ԱԳՆ Եվրոպայի Վարչության գլխավոր տնօրենի տեղակալը: Հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ հարաբերությունների լայն շրջանակ, ինչպես նաեւ տարածաշրջանային համագործակցության զարգացման հեռանկարները` ճապոնական կողմի մասնակցությամբ, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը: