Իրանի եւ Հայաստանի շրջանների միջեւ համագործակցության զարգացման հեռանկարներն են քննարկվել Իրանի Արեւելայն Ադրբեջան գավառի փոխնահանգապետի եւ Հայաստանի Սյունիքի մարզի մարզպետի հանդիպման ժամանակ: Իրանի Արեւելյան Ադրբեջան գավառի փոխնահանգապետ Մոհամմադ-Տակի Փակզադը եւ Հայաստանի Սյունիքի մարզի մարզպետ Սուրեն Խաչատրյանը քննարկել են նաեւ երկու երկրների սահմանամերձ շրջանների Համագործակցության համատեղ կոմիտեի նիստի անցկացմանն առնչվող հարցեր: Հանդիպման ընթացքում Սուրեն Խաչատրյանը կարեւորել է Արեւելյան Ադրբեջան գավառի դերը երկկողմ համագործակցության զարգացման գործում եւ հանդես է եկել Իրանի եւ Հայաստանի տնտեսությունների մասնավոր հատվածների ներկայացուցիչների միջեւ շփումների ընդլայնման օգտին: Մոհամմադ-Տակի Փակզադը իր հերթին նշել է երկու կողմերի համագործակցության հետագա զարգացման կարեւորությունը բեռնափոխադրումների, արդյունաբերության, առեւտրի եւ զբոսաշրջության ոլորտներում: Նա նաեւ նշել է երկու երկրների տարածքով Իրանի եւ Հայաստանի քաղաքացիների տեղաշարժման ռեժիմը առավել դյուրին դարձնելու անհրաժեշտությունը, հաղորդում է Իռնա գործակալությունը: