AM
1 July 2005 - 05:21 AMT

«ԻՆՏԵՐԷՆԵՐԳՈՆ» «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՇԽԻՉ ՑԱՆՑԵՐԻ» ՆՈՐ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐՆ Է

«Ռուսաստանի միասնական էներգահամակարգեր» (ՌԱՕ ԵԷՍ) հոլդինգը տարածել է իր ֆինանսական հաշվետվությունը, որում նշվում է, որ խմբի մաս կազմող «Ինտերէներգո» ընկերությունը 73 միլիոն դոլարով ձեռք է բերել «Հայաստանի բաշխիչ ցանցերը»: ՌԱՕ ԵԷՍ ընկերությունը գնել է «Միդլենդ ռիսորսիզ հոլդինգ»-ի այն մասը, որին ընկերության անցյալ տարվա բաժանումից հետո պատկանում էր Հայաստանի բաշխիչ ցանցերի բաժնետոմսերի 100 տոկոսը: Հայաստանի բաշխիչ ցանցերը սեփականաշնորվել եւ 2002 թվականին վաճառվել էին բրիտանական «Միդլենդ ռիսորսիզ հոլդինգ» (Midland Resources Holding) ընկերությանը 40 միլիոն դոլարով` ոլորտի հսկայական կորուստներին վերջ տալու ակնկալիքով: Մինչ այդ Հայաստանի բյուջեն տարեկան կրում էր 50 միլիոն դոլարի վնաս: Իսկ այսօր, իրականացված մասշտաբային կրճատումների եւ հոսանքի գողության կրճատումների արդյունքում Հայաստանի բաշխիչ ցանցերը տարեկան շուրջ 20 միլիոն դոլարի եկամուտ են բերում: Իր հերթին էներգետիկայի նախարարության մամլո խոսնակ Մարգարիտա Գրիգորյանը հայտնել էր թե «Ռուսաստանի միասնական էներգահամակարգեր» ընկերության նախագահի տեղակալ Անդրեյ Ռապոպորտի այցը Հայաստան որեւէ կապ չունի բաշխիչ ցանցերի վաճառքի գործարքի շուրջ բանակցությունների հետ: «Բաշխիչ ցանցերը վաճառքի չեն դրվել եւ չեն դրվելու», – հայտարարել էր Մարգարիտա Գրիգորյանը` ավելացնելով, թե «ընկերության ղեկավարներից որեւէ մեկը չի հանդիպելու Անդրեյ Ռապոպորտի հետ»: Մինչդեռ «Ռուսաստանի միասնական էներգահամակարգեր» ընկերությունը Հայաստանում արդեն ունի հետեւյալ ակտիվները. Սեւան- Հրազդան կասկադի 5 ՀԷԿ-երը, Հրազդանի ՋԷԿ-ը, ինչպես նաեւ հինգ տարով ընկերությանն է տրված Հայկական ատոմակայանի կառավարումը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: