AM
4 July 2005 - 02:37 AMT

ՀԱՅ ԳԻՏՆԱԿԱՆԸ ՄՐՑԱՆԱԿԻ Է ԱՐԺԱՆԱՑԵԼ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ

«Վիրաժ լոջիկ» երեւանյան մասնաճյուղի մասնագետ Երվանդ Զորյանն արժանացել է Բարձր տեխնոլոգիաների եւ թվային համակարգերի բնագավառում շնորհվող ամենամյա մրցանակին: Այս մասին «.am» PanARMENIAN.NET խմբագրության թղթակցի հետ հարցազրույցում տեղեկացրել է «Վիրաժ Լոջիք» ընկերության երեւանյան մասնաճյուղի գլխավոր տնօրեն Վարուժան Մասարաջյանը: Ինչպես նշում է ընկերության տնօրենը, մրցանակը գիտնականին շնորհվել է հաշվի առնելով նրա հսկայական ներդրումը հիշողական սարքերի (memory chip), «Համակարգ բյուրեղի վրա» նախագծերի մշակման եւ արտադրության ոլորտում: Երվանդ Զորյանի առաջարկած տեխնիկական լուծումները հիմնված են ինքնահսկման վրա, ինչը թույլ է տալիս էապես բարձրացնել թվային համակարգերի որակն ու հուսալիությունը: Երվանդ Զորյանն աշխատում է «Վիրաժ լոջիկ» ընկերությունում 2000 թվականից: Նա Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր դոկտոր է, ավելի քան 300 գիտական հոդվածների եւ չորս գրքերի հեղինակ: Երվանդ Զորյանը տնօրինում է ամերիկյան 12 պատենտ: Հայ գիտնականի ձեռքբերումներն աննկատ չեն մնացել համաշխարհային մամուլից: Այսպես, օրինակ EETimes հայտնի ամսագիրը Երվանդ Զորյանին անվանում է այն 13 անձանցից մեկը, ով ազդել է տեխնոլոգիաների զարգացման վրա եւ գերազանցել այն սահմանը, որ գծվել էր տրանզիստորի գյուտով: Նշենք նաեւ, որ 1999 թվականին հիմնվել է «Վիրաժ լոջիկ» ընկերությանՀայաստանի մասնաճյուղը: Ընկերությունը ներկայացուցչություններ ունի աշխարհի յոթ երկրների 12 քաղաքներում: