ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում դրական ոչինչ չկա: Այն փակուղում է հայտնվել և երկու կողմերը միմյանց վրա են բարդում մեղքը: Քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանը ելք չի տեսնում, իսկ նոր առաջարկությունների և ծրագրերի մասին միջնորդների հայտարարություններին թերահավատորեն է մոտենում: «Ադրբեջանի վարած քաղաքականությունը ոչ մի հույս չի թողնում»,- ասյօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետը:
Ըստ նրա՝ դժվար է կանխատեսել, թե ինչպիսին կլինեն համանախագահների գործողություններն այս տարի: «Նրանք գաղափարական ճգնաժամի առաջ են կանգնած: Իսկ բանակցային գործընթացում Սաֆարովի արտահանձնումնից հետո նոր շեղում է մտել, որը պետք է օգտագործի հայկական կողմի»,- ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Նա կանխատեսեց, որ խնդիրների լուծման ուղղությամբ այս տարի կփորձի աշխատել Ֆրանսիան: Մարդասիրական ծրագրեր կիրականացվեն, սակայն հարցի գլոբալ լուծմանն ուղղված առաջարկներ չեն լինի: «Զուտ սահմանամերձ շրջանի անվտանգությանն ուղղված ջանքեր կգործադրվեն: ՄԽ համանախագահները կփորձեն պակասեցնել նախորդ երկու տարիների ընթացքում հանդիպումների ինտենսիվությունը՝ պայմանավորված երկու երկրներում ներկաղաքական զարգացումներով և սպասվող նախագահական ընտրություններով»,- նկատեց նա:
Հրանտ Մելիք-Շահնազարյանը հիշեցրեց, որ Ադրբեջանը վաղուց է փորձոււմ քայքայել ՄԽ-ն: «Նպատակն այն է, որ Թուրքիան ներգրավվի բանակցություններում, որպեսզի լուծեն Թուրքիայի խնդիրը: Փորձում են ձևաչափը փոխել, իսկ այդ դեպքում Թուրքիան ակտիվ դերակատարություն կունենա: Դա, իհարկե, չի բխում Հայաստանի և Արցախի շահերից: Հայկական կողմն էլ ամեն կերպ աջակցում է ՄԽ-ին»,- եզրափակեց քաղաքագետը:






