AM
10 Հունվար 2013 - 09:18 AMT

Նպաստների չափը Հայաստանում 2013-ին կմնա նույնը

Հունվարի 10-ի նիստում Հայաստանի կառավարությունը հաստատել է 2013թ. պետական նպաստների չափերը: Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, նոր տարում պետբյուջեով նախատեսված նպաստների չափը մնացել է նույնը և փոփոխություններ դեռևս չեն նախատեսվում:

Ընտանեկան նպաստի բազային մասը կազմում է 16 000: Անփոփոխ է մնացել նաև ընտանեկան նպաստների շահառուների քանակը՝ մոտ 105 հազար ընտանիք:

Անփոփոխ է մնացել նաև գործազրկության չափը՝ 18 հազար դրամ, պահպանվել է նաև այդ ծրագրի ֆինանսավորման կրճատման միտումը՝ ծախսերը կնվազեն 900 մլն դրամով: Կնվազի նաև գործազրկության նպաստ ստացողների քանակը:

Չի փոխվել նաև մինչև 2 տարեկան երեխայի խնամքի համար նախատեսված նպաստի չափը՝ 50 000 դրամ: Երեխայի ծննդյան ժամանակ տրամադրվող միանվագ նպաստի ծրագրով ծախսերը առաջիկայում կավելանան 106,2 մլն դրամով, ինչը պայմանավորված է ինչպես ծնելիության աճով, այնպես էլ երրորդ (յուրաքանչյուր հաջորդ) երախայի համար նպաստը կկազմի 430 հազար դրամ:

Չեն ավելանա նաև թոշակները: Միջին աշխատանքային կենսաթոշակի չափը կկազմի մոտ 31 000 դրամ: Իսկ թոշակների համար հատկացվող գումարը կնվազի՝ ճշտումների արդյունքում թոշակառուների քանակի նվազման պատճառով:

2013թ. պետբյուջեում սոցապահովման ծախսերը կկազմեն 303,2 մլրդ դրամ 2012-ի 307,3 մլրդ համեմատ: