AM
10 Հունվար 2013 - 11:56 AMT

Հաջորդ շաբաթ Հայաստան կժամանեն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի երկարաժամկետ դիտորդները

Այսօր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն ընդունել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի` Հայաստանի Հանրապետության նախագահի 2013թ. փետրվարի 18-ի ընտրություններին դիտորդական առաքելության հիմնական կազմին: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են ԿԸՀ մամուլի ծառայությունից:

Ողջունելով պատվիրակության անդամներին` Տիգրան Մուկուչյանն ընդգծել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության կարևորությունը գալիք ընտրությունների ժամանակ: Բարձր գնահատելով դիտորդական առաքելությունների դերն ու նշանակությունը` Տիգրան Մուկուչյանը ներկայացրել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից իրականացված ընտրությունների կազմակերպման և անցկացման նախապատրաստական աշխատանքները: Հանդիպման ընթացքում ՀՀ ԿԸՀ նախագահը հատկապես կարևորել է տեղամասային և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամների համար նախատեսված մասնագիտական դասընթացները, հանրային իրազեկման և հանրային վստահության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումները:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Հայդի Թալիավինին իր հերթին, ներկայացնելով առաքելության նպատակները, տեղեկացրել է, որ հաջորդ շաբաթ Հայաստան կժամանեն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության կազմում ընդգրկված երկարաժամկետ դիտորդները, որոնք անմիջապես կանցնեն իրենց գործառույթների իրականացմանը, կայցելեն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ` ծանոթանալու վերջիններիս աշխատանքներին: