Նախօրեին Մոսկվա է մեկնել Հայաստանի տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Այցի ընթացքում նախարարը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմի ղեկավար Դմիտրի Մեդվեդեւի հետ: Քննարկվել է Հայաստանում Ռուսաստանի տարվա անցկացման ընթացքը, նախատեսվել է Ռուսաստանի տարվա եզրափակիչ միջոցառումների լայն ծրագիր: Կողմերը քննարկել են նաեւ հաջորդ տարի նախատեսված Ռուսաստանում Հայաստանի տարվա միջոցառումների ծրագրի նախագիծը: Հովիկ Աբրահամյանը հանդիպել է նաեւ Ռուսաստանի Դաշնության տարածքային զարգացման նախարար Վլադիմիր Յակովլեւի հետ: Քննարկվել են նախարարությունների միջեւ համագործակցության հարցեր, մասնավորապես, պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնել արդեն իսկ ձեւավորված փոխշահավետ համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների եւ Հայաստանի Հանրապետության մարզերի միջեւ: