AM
11 Հունվար 2013 - 13:06 AMT

Համայնքների կառավարման գործընթացում ՏՏ ներդրման աշխատանքները՝ փոխվարչապետի ուշադրության կենտրոնում

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդի հետ այսօր կայացած հանդիպմանը ներկայացրեց 2013թ. նախարարության գերակա խնդիրները, ՄԶԳ-ի հետ համագործակցության ուղղությունները:

Փոխվարչապետը կարևորեց նոր խմբագրմամբ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի մշակումը, որը պետք է արտացոլի համակարգի զարգացման տեսլականը, ինչպես նաև ներառի ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ մշակված «ՀՀ-ում տեղական ինքնակառավարման համակարգի հետագա զարգացման և ապակենտրոնացման ռազմավարական մոտեցումներ» փաստաթղթի գաղափարները:

Գործունեության հաջորդ ուղղությունը վերաբերելու է պետական-ՏԻ մարմիններ հարաբերություններում վերահսկողական խնդիրների հստակեցմանը: Կվերլուծվի գործող օրենսդրությունն ու փորձը, այն կհամադրվի ստանձնած միջազգային պարտավորությունների հետ: Ուշադրության կենտրոնում են լինելու նաև համայնքների ներքին կառավարման գործընթացում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման աշխատանքները, ինչպես նաև համայնքներում գնումների գործընթացի հետ կապված խնդիրները: Տեղական եկամուտների վարչարարության խնդիրները նույնպես նախարարության մշտական ուշադրության կենտրոնում են: Գործնական քայլեր կիրականացվեն օրենսդրության կատարելագործման, մասնավորապես` «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքի ընդունման և կիրառման, միասնական տեղական հարկի ներմուծման ուղղությամբ:

Նշված բոլոր ուղղությունները, ըստ փոխվարչապետի, լինելու են նաև գործընկեր կազմակերպությունների, այդ թվում` ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համագործակցության օրակարգում:

Զրուցակիցները քննարկեցին ներկայացված ուղղությունների վերաբերյալ համագործակցության հնարավորությունները: Քարեն Հիլիարդն իր հերթին աջակցության պատրաստակամություն հայտնեց: Մասնավորապես պայմանավորվածություն ձեռք բերվեց նոր խմբագրմամբ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի մշակման աշխատանքներում ՄԶԳ-ի կողմից փորձագետների ներգրավման վերաբերյալ: