AM
15 Հունվար 2013 - 08:06 AMT

Արման Մելիքյան. Առաջադրված թեկնածուները հաղթանակի հասնելու շանս չունեն

Հայաստանում ստեղծված իրավիճակը նախագահի թեկնածու Արման Մելիքյանի համար կանխատեսելի էր: Նրա խոսքով՝ ինքը մինչև վերջին պահը հույս ուներ, որ քաղաքական ուժերը չեն բոյկոտի ընտրությունները: «Սակայն գործող իշխանության հիմնական մրցակից համարվող քաղաքական ուժերը հրաժարվեցին ընտրապայքարից, իսկ ասպարեզում հայտնվեցին Հայաստանի քաղաքական դաշտի երկրորդ էշելոնի ներկայացուցիչները: Իսկ գործող իշխանությունն իր պոտենցիալ մրցակիցներին շանս չթողեց»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արման Մելիքյանը: Ըստ նրա, առաջադրվել են կուսակցապետներ՝ ԱԻՄ-ի, «Ժառանգության» և «Ազատության», բայց նրանցից որևէ մեկը չի առաջարկել ընտրություններում հաղթելու իրական սցենար:

«Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ միմյանց հետ մրցելու են Սերժի Հայաստանը և Րաֆֆիի Հայաստանը: Չկա նման բան: Կա Հայաստան, որտեղ հասարակությունը ընտրությունների միջոցով իշխանությունը փոխելու հնարավորություն չունի»,- նկատեց Արման Մելիքյանը:

Անդրադառնալով նախագահի մյուս թեկնածու Անդրիաս Ղուկասյանի բոյկոտի մասին հայտարարությանը՝ Արման Մելիքյանը դա համարեց անօգնականության դրսևորում: «Ես որևէ մեկի դեմ չեմ խոսում, ես նկարագրել եմ առկա իրավիճակը: Վստահ եմ՝ առաջադրված թեկնածուները հաղթանակի հասնելու շանս չունեն: