AM
15 Հունվար 2013 - 08:33 AMT

ՀՀ նախագահի թեկնածուն սպառնում է անժամկետ հացադուլ հայտարարել

ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանն այսօր դիմել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին:

«ՀՀ քաղաքացին առայսօր չունի անհրաժեշտ տեղեկություններ իր ընտրական իրավունքների լիարժեք իրացման համար պետության պոզիտիվ պարտավորությունների մասին»,-համոզված է նախագահի թեկնածուն:

«Չի կարող լինել ժողովրդավարություն, երբ հանրության կամքի արտահայտումը, որը արտացոլված է ընտրությունների արձանագրություններում հակասում է մեծամասնության դիրքորոշմանը: Դա կեղծ ժողովրդավարություն է և շինծու ընտրություններ:

Գտնում եմ, որ հանրության ազատ ընտրության բարձրագույն իրավունքն այս քաղաքական իրադրության մեջ կարող է իրացվել միայն իշխող կուսակցության թեկնածուի մասնակցությունը ընտրություններում բացառելու դեպքում:

Վստահ եմ, որ միջազգային փորձի ուսումնասիրությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդմաներին կբերի այն եզրահանգման, որ պետությունն իրավունք ունի զրկել թեկնածուին ընտրություններում մասնակցելու հնարավորությունից, երբ նման մասնակցությունը վտանգում է հանրային բարձրագույն շահը:

Համոզված եմ, որ օրենքի տարրի բացակայությունը ազնիվ և օրինապահ քաղաքացիների համար արգելանք չի կարող լինել` հաստատելու այն քաղաքական իրողությունը, որը պիտի լիներ դրա առկայության դեպքում:

Մինչև քարոզարշավի սկիզբը իշխող կուսակցության թեկնածուի գրանցումն անվավեր չճանաչելու դեպքում, անձամբ իմ և հանրության ընտրական իրավունքը համարելու եմ խախտված:

Իմ քաղաքացիական պարտքը թելադրում է այդ իրավունքը պաշտպանելու համար հայտարարել անժամկետ հացադուլ»,-եզրափակել է Ղուկասյանը: