AM
15 Հունվար 2013 - 09:22 AMT

Հայաստանը կմասնակցի «Միջազգային կանաչ շաբաթ» ագրոարդյունաբերական ցուցահանդեսին

Զարգացման հայկական գործակալությունը Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) Հարավային Կովկասի տնտեսության խթանման ծրագրի հետ համատեղ հինգերորդ անգամ իրականացնում են 2013-ի հունվարի 18-ից 27-ը Բեռլինի «Մեսսե Բեռլին» ցուցահանդեսային համալիրում կայանալիք «Միջազգային կանաչ շաբաթ» (International Green Week Berlin) ագրոարդյունաբերական ցուցահանդես-տոնավաճառին հայկական ընկերությունների մասնակցությունը:

Ինչպես նշվում է Զարգացման հայկական գործակալության մամլո հաղորդագրությունում, սկսած 2009թ-ից միասնական հայկական տաղավարի ներկայացումը և կազմակերպումը ֆինանսավորվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից:

Հայկական տաղավարում ներկայացված են լինելու տեղական 7 ընկերություններ՝ «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ, «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ՓԲԸ, «Երևանի շամպայն գինիների գործարան» ԲԲԸ, «ՄԱՊ» ՓԲԸ, «Շահնազարյան» գինու-կոնյակի տուն ՍՊԸ, «Երևանի գարեջուր» ՓԲԸ, «ՍԻՍ Նատուրալ» ՓԲԸ:

Ցուցահանդեսին մասնակցության նպատակն է եվրոպական շուկայում ներկայացնել հայկական ապրանքները, նպաստել դրանց առաջմղմանը և արտահանման ծավալների մեծացմանը:

Ցուցահանդեսը կարևորվում է Սննդի և Գյուղատնտեսության համաշխարհային համաժողովին մասնակից երկրների գյուղատնտեսության նախարարների մասնակցությամբ:

Ըստ 2012թ.-ի տվյալների «Միջազգային կանաչ շաբաթ» ցուցահանդեսն ունեցել է 420.000 այցելու: