AM
15 Հունվար 2013 - 12:31 AMT

2012-ի արդյունքներով Հայաստանում պետական գույքի մասնավորեցումից գոյացել է շուրջ 353 մլն դրամ

2012-ի արդյունքներով Հայաստանում պետական գույքի մասնավորեցումից գոյացել է շուրջ 353 մլն դրամ` 2011-ի 366 մլն դրամ ցուցանիշի փոխարեն: Ինչպես հայտարարել է հունվարի 15-ին Երևանում մամլո ասուլիսում Հայաստանի կառավարությանն առընթեր պետական գույքի վարչության պետ Արման Սահակյանը, ցուցանիշի անկումը պայմանավորված է 2012-ին 2011-ի համեմատ գործարքների թվի կրճատումով:

Միաժամանակ, պետական գույքի օտարումից մուտքերը կազմել են մոտ 807 մլն դրամ, պետական գույքի վարձակալությունից պետական բյուջե է մուտաքագրվել շուրջ 214 մլն դրամ, ինչն ավել է 2011-ի ցուցանիշից 13 տոկոսով:

2012-ին վարչության ենթակայության տակ է եղել 35 ընկերություն, որոնցից 23-ը` 100 տոկոս պետական մասնակցությամբ, 4-ը` 50 տոկոսից 100 տոկոս և 8-ը` 50 տոկոսից պակաս:

Արման Սահակյանը հույս է հայտնել, որ արդեն 2013-ին լիազոր կառավարիչների ինստիտուտի ներմուծման փորձնական նախագիծը զգալի ֆինանսական արդյունքներ կտա: Նախագծի համաձայն, որն այժմ գործում է 4 կազմակերպություններում, կաշխատի վստահված անձ, ընտրված մրցույթի հիման վրա, որը կհետևի պետական գույքի արդյունավետ կառավարմանը:

2012-ին վարչությունն անցկացրել է պետական բնակելի ֆոնդի հաշվառում: Ինչպես հաղորդել է Սահակյանը, անցած տարի լուծվել է Ադրբեջանից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած 7 և տեղաբնակ 12 ընտանիքների զբաղեցրած հանրակացարանային տարածքների սեփականաշնորհման կամ նվիրատվության հարցը: Ընթացքի մեջ է ևս 11 ընտանիքի խնդիր: