AM
13 July 2005 - 04:45 AMT

ՀԲ-Ն ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՊԱՐԶԱԲԱՆԵԼ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԸ

Համաշխարհային Բանկը շարունակում է պահանջել պարզաբանել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատերի փոփոխության վերաբերյալ հաղորդագրությունները, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը: ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավար Ռոջեր Ռոբինսոնն այսօր ասել է, որ իր տեղեկություններով, Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պաշտոնապես դիմել է «Հայաստանի էլեկտրական ցանցերի» սեփականատեր Midland Resources ընկերությանը` պահանջելով պարզաբանել ընկերության վաճառքի մասին հաղորդագրությունները: «Եթե այդ հարցը չճշտվի առաջիկա օրերի ընթացքում, ես մտադիր եմ հանդիպել Հայաստանի կառավարության ներկայացուցիչների հետ», – հայտարարել է Ռոջեր Ռոբինսոնը: Նշենք, որ հունիսի 30-ին ռուսական ՌԱՕ ԵԷՍ ընկերությունը հայտարարեց իր դուստր ընկերության միջոցով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը 73 մլն դոլարով ձեռք բերելու մասին: Մինչդեռ, «Հայաստանի էլեկտրական ցանցերի» մամլո ծառայությունը հերքում է վաճառքի փաստը, պնդելով, որ ընկերությունն ընդամենը փոխանցվել է ՌԱՕ ԵԷՍ-ի դուստր ընկերության կառավարմանը: