AM
16 Հունվար 2013 - 08:41 AMT

ՀՀ կառավարությունը չլիցենզավորված համակարգչային ծրագրե՞ր է օգտագործում

Կասպերսկու լաբորատորիան հայտարարություն է տարածել համաշխարհային վիրուսային ցանցի մասին, որի միջոցով գաղտնալսվում են կառավարական և դիվանագիտական կառույցները: Այսօր` ասուլիսի ժամանակ անդրադառնալով այս հայտարարությանը, հայ մասնագետները պարզաբանեցին, որ ոչ թե կայքերից, այլ համակարգիչներից են տեղեկություն գողացել:

Նման դեպքերում տեղեկությունը վաճառվում է սև շուկայում: «Հարձակվողները լավ պատրաստված են եղել ու ներկայումս պարզված 60 դոմեյնով են հարձակվել: Պարզել, թե ով է կոնկրետ հեղինակը, բարդ է: Վիրուսի կոդերը, տվյալներն ուսումնասիրելով կարող ենք ասել, որ Չինաստանից ու Ռուսաստանից են, բայց այն հետքերը, որոնցով գալիս ենք այս եզրակացությանը, չենք բացառում, որ կարող են լինել իրական հետքերը փակելու համար», – ասաց համակարգչային միջադեպերի անվտանգության արձագանքման թիմի մասնագետ Կարեն Գասպարյանը:

Նրա խոսքով՝ վարակված համակարգիչները կոնկրետ թիրախներ են եղել: Մինչ այժմ չեն գտնվել այն սերվերները, որտեղ պահվում է հավաքած ինֆորմացիան: Պասկալային համակարգ է գործում, այսինքն` տեղեկությունն մի սերվերից մյուսին է փոխանցվում:

Ստեղծման ժամկետներն ուսումնասիրելով մասնագետները եզարակացնում են, որ վիրուսը գործում է 2007 թվականից: Օգտագործվել են Word, Exel, Adobe ծրագրերը: Կասպերսկու լաբորատորիան վիրուսին արդեն անուն է տվել` «Կարմր հոկտեմբեր»:

Հայաստանի ինտերներտ ասոցիացիայի փոխնախագահ Գրիգորի Սաղյանը նշեց, որ եղածից հնարավոր էր խուսափել:

«Չի կարելի հույս դնել միայն անտիվիրուսների վրա: Ծրագրային ապահովումը պետք է ճիշտ ժամանակին թարմացվի, իսկ դրա համար ծրագրերը պետք է լիցենզավորված լինեն: Որոշ երկրներում նույնիսկ Windows-ից առհասարակ հրաժարվում են: Նաև ցանցային ադմինիստրատորների մասնագիտական որակները նշանակություն ունեն», – ասաց Գրիգորի Սաղյանը: