AM
23 July 2003 - 17:40 AMT

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԿԱԾՆԵՐ ՈՒՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՌՈՒՍՏԱ- ԵՎ ՌԱԴԻՈՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԱՉԱՌՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Ա1+» եւ «Նոյյան տապան» անկախ հեռուստաընկերությունների զրկումը հեռարձակման արտոնագրից լուրջ կասկածներ է առաջացնում Հայաստանի Հեռուստա- եւ ռադիոհեռարձակման ազգային հանձնաժողովի անաչառության վերաբերյալ: Նման կարծիքի է «Լրագրողներ առանց սահմանի» միջազգային կազմակերպության ղեկավար Ռոբերտ Մենարը: Նրա խոսքերով, ինչպես դա հետեւում է IFES/Armenia մամլո ծառայության տարածած մամլո հաղորդագրությունից, այդ կասկածները հիմնված են այն բանի վրա, որ հանձնաժողովի նախագահն ու անդամները նշանակված են հանրապետության նախագահի կողմից: Այդ երկու ալիքների բացակայությունը բավականին լուրջ է անդրադառնում Հայաստանի տեղեկատվական դաշտի վրա, գտնում է Ռ.Մենարը: Նա կոչ է արել հանձնաժողովի ղեկավարությանը պարզաբանել «Ա1+» եւ «Նոյյան տապան» հեռուստաընկերություններին արտոնագիր չտրամադրելու իրավաբանական պատճառները եւ հետագայում դարձնել մրցույթը ավելի թափանցիկ: Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին ավարտված մրցույթի արդյունքներով, ՀՀ Հեռուստա- եւ ռադիոհեռարձակման ազգային հանձնաժողովը կրկին մերժել է հեռարձակման իրավունքի արտոնագրեր տրամադրել «Ա1+» եւ «Նոյյան տապան» ընկերություններին: