AM
23 Հունվար 2013 - 10:36 AMT

Երկու բուռ ցորենի սերմ և երկու բաժակ դիզվառելիք՝ սուբսիդավորո՞ւմ, թե նախընտրական կաշառք

Հայաստանի իշխանությունները գյուղատնտեսության ոլորտը հայտարարել են գերակա ճյուղ, սակայն, ակնհայտ է աղքատությունը գյուղական շրջաններում ու արտագաղթը: Ավելին, առանց դրամական փոխանցումների գյուղացիներն ուղղակի «կմեռնեին սովից», նրանք արդեն խրվել են պարտքերի մեջ պետության աջակցության բացակայության պատճառով, ինչը կիրառվում է սուբսիդավորման ձևով այլ երկրներում: «Գյուղացիները չեն զգում պետության աջակցությունը, չկան սուբսիդիաներ, միայն նախընտրական շրջանում նրանց մի երկու բուռ ցորենի սերմ են բաժանում և երկու բաժակ սոլյարկա՝ սա սուբսիդավորում է թե՞ նախընտրական կաշառք»: Այս մասին այսօր ասուլիսում լրագրողներին է ասել «Ֆերմերային շարժում» ՀԿ նախագահ Սարգիս Սեդրակյանը:

Պետք է նշել, որ դեռ 2012թ. փետրվարին կառավարությունը հաստատեց ֆերմերների համար դիզվառելիքի արժեքի մի մասը սուբսիդավորման տեսքով փոխհատուցելու ծրագիրը: Ծրագրի նպատակն էր առավել մատչելի դարձնել դիզելային վառելիքը ֆերմերների համար, ինչն իր հերթին կնպաստի մշակվող հողերի ընդլայնմանը, առավել ևս, որ դիզելային վառելիքը գյուղմթերքի ինքնարժեքի կարևորագույն բաղադրիչն է: Տրամադրվող փոխհատուցման արդյունքում դիզելային վառելիքի 1 լիտրը գյուղացու համար կարժենա 350 դրամ՝ շուկայական 440 դրամի փոխարեն:

Ինչ վերաբերում է սերմերին, ապա սերմնաբուծության զարգացման ծրագրով նախատեսվում է 2010-2014թթ. էլիտային ցորենի սերմի ներկրում, ինչը 2014-ին կապահովի 3000-3500 տոննա էլիտար ցորեն, որը հետագայում կբաժանվի գյուղացիներին:

Ցորենի արտադրությունը Հայաստանում 2012-ին կազմել է մոտ 240 հազար տոննա՝ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը 7,7 տոկոսով: Ըստ գյուղնախարարության, աշնանացանի համար հանրապետություն է ներկրվել 640 տոննա էլիտար ցորենի սերմ, որը հատկացվել է 166 տնտեսվարող սուբյեկտների: Գյուղացիները ստացել են նաև 2741 տոննա աշնանացանի առաջին վերարտադրության ցորեն:

Այնուամենայնիվ, «Ֆերմերային շարժում» ՀԿ նախագահ Սարգիս Սեդրակյանը մի շարք խնդիրներ է տեսնում ոլորտում՝ բնական ռեսուրսների անարդյունավետ օգտագործում, պրոֆեսիոնալ կադրերի բացակայություն, իսկ գյուղնախարարության աջակցությունից, ըստ նրա, օգտվում են «օլիգարխներն ու պաշտոնյաները», անհասկանալի է, թե ինչի վրա են ծախսվում միջոցները, որ տրամադրում են միջազգային կառույցները գյուղատնտեսության զարգացման համար: «Հայաստանը զարգացած ագրարային երկիր դառնալու մեծ ներուժ ունի»,-ասել է նա: Սակայն, ճիշտ ագրարային քաղաքականության բացակայությունը հնարավարություն չի տալիս ապահվել երկրի պարենային անվտանգությունն ու գյուղացիների զբաղվածությունը:

Ոլորտի խնդիրների լուծումը Սեդրակյանը տեսնում է հեռավոր և աղքատ մարզերում կոոպերատիվների ստեղծման միջոցով, պետության կողմից շուկայականից բարձր գնով գյուղմթերքի որոշակի մասի պետմթերման երաշխավորման միջոցով, ինչը լայն կիրառում ունի միջազգային ասպարեզում, ինչպես նաև արտոնյալ վարկերի տրամադրման միջոցով ոչ պակաս քան 10 տարով և 5 տոկոս տոկոսադրույքով: