ԱրմենՏել, Ղ-Տելեկոմ (ՎիվաՍել-ՄՏՍ) և Օրանժ Արմենիա ընկերությունները մինչև 2014թ. հունվարի 23-ը ՀՀ 18 բնակավայրերում և միջպետական ավտոճանապարհային առանձին հատվածներում, որոնք GSM ծածկույթի բացակայության պատճառով զրկված են շարժական բջջային կապի ծառայությունից, պետք է ապահովեն շարժական հեռախոսակապի և լայնաշերտ ինտերնետի հասանելիությունը:
Մոտավոր հաշվարկներով՝ օպերատորները պետք է $0,7-1 մլն-ի ներդրումներ կատարեն։
Այս մասին ասվում է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա նիստում ընդունված`ԱրմենՏել, Ղ-Տելեկոմ և Օրանժ Արմենիա ՓԲԸ-ների կողմից իրենց հանրային շարժական բջջային կապի ցանցերը զարգացնելու և արդիականացնելու մասին որոշման նախագծում:
ԱրմենՏել, Ղ-Տելեկոմ և Օրանժ Արմենիա ՓԲԸ-ներից յուրաքանչյուրին հանրային շարժական բջջային կապի ծածկույթով ապահովելու համար ենթակա բնակավայրերը 6-ն են:
ԱրմենՏել` Գեղարքունիքի մարզի Անտառամեջ, Կալավան, Բարեպատ, Ներքին Շորժա, Վերին Շորժա և Վայոց ձորի մարզի Մոզրով:
Ղ-Տելեկոմ` Լոռու մարզի Հալավար, Հայդարլի, Սյունիքի մարզի Թանահատ, Վայոց ձորի մարզի Գնիշիկ, Հորս և Տավուշի մարզի Գողատափ;
Օրանժ Արմեինա` Լոռու մարզի Կաճաճկուտ, Անտառամուտ, Սյունիքի մարզի Բնունիս, Գեղանուշ, Գոմարան և Դիցմայրի:
Որոշման համաձայն, օպերատորները պարտավորեցվել են նաև մինչև 2013-ի ապրիլի 1-ը միջպետական ավտոճանապարհների հանրային շարժական բջջային կապի ծածկույթ չունեցող հատվածների բացահայտման նպատակով իրականացնել հատուկ աշխատանքներ և ներկայացնել դրանք հանձնաժողովի քննարկմանը:
Ղ-Տելեկոմ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նշել է, որ այս տարվա ընթացքում ընկերությունը չի սահմանափակվելու նշված տարածքներով. «Մենք լինելու ենք նաև նշված 18 գյուղերում, որոնցից երկուսում արդեն կանք` Հալավար և Հորս»:
Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը կարևորել է ծածկույթի ապահովումն ու դրա վերաբերյալ համաձայնության գալը: