AM
22 July 2005 - 05:07 AMT

«ԻՆՏԵՐԷՆԵՐԳՈՆ» ՄՏԱԴԻՐ Է ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ԴԱՌՆԱԼ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՇԽԻՉ ՑԱՆՑԵՐԻ» ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԸ

Ընթացիկ տարվա հունիսի 23-ին «Ինտերէներգո» ընկերությունը ստորագրել է թրասթի մասին հռչակագիրը եւ դարձել է «Հայաստանի բաշխիչ ցանցեր» ընկերության կառավարիչը 99 տարի ժամկետով: Այդ մասին այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Միխաիլ Մանտրովը: Նրա խոսքերով, մինչ այդ ՀԲՑ սեփականատեր «Midland Resources Holding LTD» ընկերության հետ պայմանագիր է կնքվել բաժնետոմսերի եւ եկամուտների կառավարման իրավունքների փոխանցման մասին: Միեւնույն ժամանակ Մանտրովը հայտարարել է, որ ՀԲՑ սեփականատեր է մնում «Midland Resources Holding LTD»: Պատասխանելով այն հարցին, թե ինչով է պայմանավորված թրասթի կնքման նման երկար ժամկետը, Մ.Մանտրովը նշել է, որ ընկերությունը պետք է համոզված լինի, որ կառավարումը իրականացնելիս «թրասթը վաղը չի վերջանա»: «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» գլխավոր տնօրենի տեղակալը հայտարարել է նաեւ, որ «ցավոք, մենք դեռեւս ՀԲՑ սեփականատերը չենք», եւ նշել է, որ «Ինտերէներգո» ընկերությունը մտադիր է հետագայում ձեռք բերել սեփականության իրավունքը: Նրա խոսքերով, իր ընկերության համար ՀԳՑ-ն ռազմավարական ակտիվ է: Նա նաեւ նշել է, որ վճարված 73 մլն դոլար գինը կառավարման իրավունքներ ձեռք բերելու դիմաց միանգամայն արդարացված է: Պատասխանելով այն հարցին, թե հնարավոր են արդյոք կադրային փոփոխություններ ՀԲՑ համակարգում, Մանտրովը նշել է, որ «իրենք պետք է գան կառավարման օպտիմալ մակարդակի: Եվ եթե դիտարկման արդյունքում բացասական ոչ մի բան չպարզվի, ապա կադրային փոփոխություններ չեն լինի»: Իր հերթին, ՀԲՑ ՓԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Գլադունչիկը, պատասխանելով այն հարցին, թե ինչու ՓԲԸ կառավարումը փոխանցվել է հենց «Ինտերէներգոյին», հայտարարել է, որ ՀԲՑ սեփականատերն է «Midland Resources Holding LTD»-ն եւ նա պետք է որոշի, թե որ առաջարկն ընդունի: Մեկնաբանելով «Midland Resources Holding LTD» հայտարարությունն այն մասին, թե էներգետիկ ոլորտը այլեւս հետաքրքություն չի ներկայացնում ընկերության համար եւ բաժնետոմսերը մտադիր են վաճառել, Գլադունչիկը նշել է, որ դա բնական է, քանի որ այդ ընկերությունը մասնագիտացված չէ էներգետիկայի ոլորտում, եւ հնարավոր է, որ նրան այլ ոլորտներ հետաքրքրեն: